Ս. թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում տեղի կունենա մամուլի ասուլիս «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի վերաբերյալ: Բանախոսներն են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ, գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը, փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնը, որի շրջանակում Հայաստան են ժամանում աշխարհահռչակ մենակատարներ, նվագախմբեր և երաժիշտներ, անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 7-ին. Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ուրույն ծրագրով կներկայանան «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքում: