ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ԻԿՕՄ Հայաստանի և ՌՕՔԵՄՓ կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է թանգարանների և արգելոց-թանգարանների կարիքների գնահատում, որի հիման վրա ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» նախաձեռնության շրջանակում մշակվել է ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագիրը: Նախաձեռնության առաջին փուլով «Իմ Հայաստան» ծրագրով ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 36 թանգարաններին ու արգելոց-թանգարաններին հատկացվել են տեխնիկական սարքավորումներ, հիգիենայի և անվտանգության պարագաներ, համավարակի օրերին այցելության պայմանների նշանների տպագրված պաստառներ:

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում այսօր տեղի է ունեցել ծրագրի նվիրատվության առաջին միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նա շնորհավորել է ներկաներին երկարատև դադարից հետո թանգարանների վերաբացման կապակցությամբ և խոսել համատեղ ծրագրի կարևորության մասին. «Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, որոնք ջանք չեն խնայել ծրագիրը կյանքի կոչելու համար: Այս մոտեցումը և համագործակցությունը չափազանց կարևոր են: Տրամադրվելիք նյութատեխնիկական աջակցությունը, որը կարևոր է նաև առողջապահական տեսանկյունից, կնպաստի վերաբացված թանգարաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը»,- ասել է Ն. Խաչատուրյանը՝ հույս հայտնելով, որ թանգարաններն այցելուների պակաս չեն ունենա:

ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանն ընդգծել է, որ այս նախաձեռնությամբ նպատակ ունեն թանգարաններին օգնել հաղթահարել ԿՈՎԻԴ-19-ի առաջացրած խնդիրները և մարտահրավերները. «Այս աջակցությամբ թանգարանները կկարողանան ապահով պայմաններ ստեղծել աշխատակիցների և այցելուների համար, աշխատել ավելի արդյունավետ՝ շարունակելով իրենց չափազանց կարևոր և արժեքավոր գործունեությունը»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի բոլոր մասնակիցներին:

Ծրագրի առաջին փուլում աջակցություն ստացած մարզերի ընտրությունը պայմանավորված է «Իմ Հայաստան» ծրագրի գործունեության աշխարհագրությամբ, նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ: