ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, Եվրոպական միության` «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակում Աղվերանում կազմակերպել են ՄԿՈւ ոլորտի դոնոր կազմակերպությունների երկխոսության հարթակի չորրորդ հանդիպումը: Հարթակը նպատակ ունի աջակցել իրականացվող ծրագրերի համակարգմանը, փորձի փոխանակմանը և հետագա անելիքների քննարկմանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը և ՌԶԳ ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը՝ կարևորելով դոնոր կազմակերպությունների դերը ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումների և շարունակական զարգացման գործընթացում:

Արտակ Աղբալյանը ներկայացրել է 2020-2025 թվականների կրթության ռազմավարության ՄԿՈՒ ոլորտի գործողությունների ծրագրի նախագիծը: Ներկաները նախագծի վերաբերյալ ներկայացրել են մի շարք առաջարկություններ, որոնք, ըստ Արտակ Աղբալյանի, կքննարկվեն և հաշվի կառնվեն ռազմավարության հետագա բարելավման գործընթացում: Դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները նաև պատրաստակամություն են հայտնել աջակցել ռազմավարության որոշակի դրույթների իրականացմանը: Երկօրյա հանդիպման ընթացքում կազմակերպություններն իրենց հերթին ներկայացրել են ՄԿՈՒ ոլորտում իրականացրած ծրագրերը՝ հանդես գալով փորձի փոխանակմամբ: Հանդիպման ավարտին ամփոփվել են հնչած առաջարկները, կազմակերպությունների հետագա անելիքները և գործընկեր կազմակերպությունների միջև առավել արդյունավետ համագործակցության ուղիներն ու հեռանկարները:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ, Շրջակա միջավայրի նախարարությունների, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, Եվրոպական կրթական հիմնադրամի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի, Գերմանիայի Դաշնության Մեկլենբուրգ-Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության, «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության, «Ֆերտի» ՀԿ-ի ներկայացուցիչներ: