2020-2021 ուսումնական տարվան պատրաստվելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն տրամադրելու նպատակով այսօրվանից մեկնարկում են մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունները, որոնք այս տարի կանցկացվեն հեռավար ձևաչափով։

Խորհրդակցությունները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով՝ Շիրակի, Լոռու, Տավուշի մարզի ներկայացուցիչների հետ հանդիպումը կկայանա այսօր, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզի դպրոցների տնօրենների հետ՝ օգոստոսի 27-ին, իսկ հարավային մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի պատասխանատուների հետ խորհրդակցությունը կանցկացվի ուրբաթ օրը: Արմավիրի մարզի և մայրաքաղաքի դպրոցների տնօրենների հետ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 31-ին: Խորհրդակցությունների օրակարգում ներառված են հետևյալ հարցերը.

  1. Կորոնավիրուսային հիվանդության տարածման պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների պարզաբանում,
  2. Նոր ուսումնական տարվան ընդառաջ հիմնական փոփոխությունների ներկայացում՝ էլեկտրոնային ձևաչափով փաստաթղթերի վարում, ուսումնական պլանի փոփոխություն,
  3. Առաջին դասարանցիների առցանց ընդունելության արդյունքների, հիմնական խնդիրների և լիցենզավորման հետ կապված հարցերի քննարկում,
  4. Նախորդ ուսումնական տարվա ամփոփում, հեռավար ուսուցման հիմնական արդյունքների ներկայացում, բացահայտված խնդիրների վերհանում:

Նախատեսվում է, որ հանդիպումները կվարեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարները և մարզպետարանների կրթության բաժինների ներկայացուցիչները հնարավորություն կունենան նաև ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, հանդիպումներին ներկա են լինելու նաև առողջապահության նախարարության ներկայացուցիչները: