Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների 2020 թ. վերապատրաստման ծրագիրը, որն այս տարի անցկացվում է առցանց։ Այս տարի վերապատրաստման ծրագրին դիմել է 420 ուսուցիչ՝ 35 երկրից։ Մեկամսյա վերապատրաստումն ընթանալու է հետևյալ ուղղություններով՝

  • Ուսուցում մանկապարտեզում
  • Ուսուցում մեկօրյա դպրոցում
  • Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում
  • Հայոց լեզվի և գրականության դասավանդում միջին և ավագ դպրոցների երեխաների համար
  • Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում
  • Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2020 թվականի վերապատրաստման ծրագիրն էականորեն տարբերվում է նախորդ բոլոր ծրագրերից: «Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը նոր մարտահրավեր նետեց նաև սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա վերապատրաստման գործընթացին: Այսօր՝ անգամ այս դժվար պայմաններում, տրվում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկնարկը, և մեծ ուրախությամբ պետք է նշել, որ առցանց վերապատրաստմանը մասնակցում է սփյուռքի կրթօջախների 120 ուսուցիչ՝ շուրջ 32 երկրից։ Կարող ենք փաստել, որ ծրագիրն ունի առանձնահատուկ կարևորություն, և սփյուռքի կրթօջախների կարողությունների հզորացումը Հայաստան-սփյուռք համագործակցության գերակա ուղղություններից է»,֊ընդգծել է նա: Ըստ նախարարի` վերապատրաստման այս դասընթացն իր կառուցվածքով և բովանդակությամբ հնարավորություն կտա կիրառել նոր մոտեցումներ և նորարարական նախաձեռնություններ, ուսուցիչները կստանան նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն առավել արդյունավետ կազմակերպել դասընթացները և փոխանցել սովորողներին ազգային կրթության ու դաստիարակության ողջ բովանդակությունը։

«Նախորդ տարի Սփյուռքի նախարարության վերակազմակերպումից հետո դրա կրթական բաղադրիչի իրականացումն անցել է ԿԳՄՍ նախարարությանը, և հավատարիմ մեր հանձնառությանը՝ ներկայում մշակում ենք հանրակրթության ընդհանուր հարթակ, որտեղ թե՛ սփյուռքի, և թե՛ Հայաստանի երեխաները կսովորեն նույն պայմաններում և կստանան նույն գիտելիքը։ Ցավում եմ, որ նման հսկայական սփյուռք ունեցող երկիրը նախորդ 30 տարիներին այդպիսի համակարգ չի ստեղծել, և մենք հիմա ենք ձեռնամուխ լինում դրա իրականացմանը։ Ներկայում մենք մեծ բարեփոխումներ ենք իրականացնում կրթության ոլորտում՝ մերժելով միջակությունը և գավառականությունը։ Հանրակրթությունն իրապես հիմնված է լինելու իրական ազգային արժեքի և ինքնության հիմքի վրա, և այդ առումով սփյուռքի մեր ուսուցիչների և գործընկերների հետ համագործակցությունը շատ կարևոր է։ Հայաստանում ձևավորված է ամենաազգային կառավարությունը, և կրթական ու մշակութային բարեփոխումների շուրջ բոլոր աղմուկները հենց այդ միջակության և գավառականության հրաժեշտի աղմուկներն են»,֊ընդգծել է Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ ծրագրերն ամրագրվելու են նաև ՀՀ կրթության առաջիկա տարիների զարգացման ռազմավարության և 2020-2025 թթ գործողությունների քարտեզում։

«Վստահ եմ, որ այս վերապատրաստումները շատ լավ արդյունք են ունենալու, ստեղծելու են լուրջ հնարավորություններ և ամրապնդելու են կապը հայրենիքի հետ»,֊նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով վերապատրաստման ծրագրի կազմակերպիչներին՝ նման հնարավորություն ստեղծելու և տարբեր երկրների ավելի քան 100 ուսուցիչների մեկ հարթակում միավորելու համար։

Նախարարի ողջույնից հետո ներկայացվել են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մանրամասները։ Մասնավորապես, ծրագրի նպատակը ներկայացրել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Թամարա Զալինյանը, ծրագրի նախագիծը՝ «Դասավանդիր Հայաստան»-ի ներկայացուցիչ Աստղիկ Մնացականյանը, իսկ ծրագրի կազմակերպչական հարցերին անդրադարձել է «Ֆիչըր» ընկերության և «ՊրոԴեՖորմ» խմբի ներկայացուցիչ Արսեն Սիմոնյանը։ Այնուհետև, տեղի է ունեցել ծանոթություն մասնակիցների հետ, փոքր խմբերում քննարկվել նրանց ակնկալիքները և դրանց արդյունքները ներկայացվել մեծ խմբում։

Տեղեկացնենք նաև, որ, չնայած վերապատրաստման հեռավար բնույթին, ուսուցիչների համար կազմակերպվելու են թանգարանների վիրտուալ այցելություններ, գործնական աշխատանքներ: Վերապատրաստման 6 ուսումնական ծրագրերը ՀՀ ԿԳՄՍՆ-ի դրամաշնորհի շրջանակում մշակել է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը: Հեռավար դասընթացների կազմակերպումը մրցութային հիմքով ստանձնել է «Ֆիչըր» (Feature) ընկերությունը` «ՊրոԴեՖորմ» (ProDeForm) կազմակերպության հետ համագործակցաբար: