Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: 11 օր շարունակ «Ֆրեսկոն» կստեղծի իսկական տոն՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները:
Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը:
«Ֆրեսկոյի» հանդիսավոր բացման արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին, ժամը 20:00-ին, սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, այնուհետև՝ համերգին կհաջորդեն միջազգային ֆիլմերի դիտումները:

Փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ Աննա և Սբ Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ:
Փառատոնի ընթացքում կլինեն սպասված համերգներ. օգոստոսի 28-ին՝ Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգ, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգ, օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան և ընկերներ:

Տեղեկացնենք, որ փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և համամարդկային այլ արժեքներ:
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ: