Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է Հայաստանի Հանրապետությանը հատկացվող Գիտելիքի և օժանդակության տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է հեռավար կրթության հարթակի զարգացում և վերապատրաստումների կազմակերպում։

Ծրագրի հաստատման ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ԱԶԲ աջակցությունը համահունչ է ՀՀ-ում կրթության զարգացման ռազմավարությանը և այդ շրջանակում նախանշված հեռավար կրթության առաջնահերթություններին։

«Ծրագիրը կարևոր է, քանի որ ապահովում է առաջ շարժվելու նոր տարբերակ՝ հեռավար կրթության հարթակն օգտագործելով թե՛ COVID-19 համավարարկի և թե՛ արտակարգ իրավիճակների մարտահրավերները հաղթահարելու ընթացքում։ Սա հավելյալ հնարավորություն է՝ տեխնոլոգիաներն ուղղորդելու կրթական ոլորտ՝ հեռավար դասերի միջոցով որակյալ կրթության հասանելիությունը ապահովելու և մեր միջոցների օգտագործումը դիվերսիֆիկացնելու իմաստով»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում է ԱԶԲ-ի հետ ունեցած արդյունավետ համագործակցությունը։

«Համազգային մակարդակում բոլոր սովորողների համար որակյալ և շարունակական կրթության հասանելիության ապահովումը հանդիսանում է կառավարության հիմնական նպատակը, որը համընկնում է ԱԶԲ 2030 ռազմավարության՝ նորարարական տեխնոլոգիաները խթանելու և ինտեգրված լուծումներ տրամադրելու սկզբունքների հետ»,- նշել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին՝ հավելելով, որ ԱԶԲ-ն կշարունակի աջակցել երկրում կրթական ոլորտի բարեփոխումներին։

Հեռավար կրթության հարթակում կներդրվեն կրթության քաղաքականության և բովանդակության մշակմանը նպաստող նոր առցանց գործքիներ՝ նախատեսված հանրակրթական դպրոցներում սովորողների, մանկավարժների և ծնողների համար։ Հարթակն հարմարեցված կլինի ֆիզիկական տարբեր կարողություններ ունեցող օգտվողների պահանջներին, միաժամանակ ապահովելով արդյունավետ միջավայր առցանց դասընթացների, ուսուցիչների ու սովորողների հետադարձ կապի գործուն մեխանիզմների, հանձնարարություններ տալու, մոնիթորինգի և ուսուցման աշակերտակենտրոն մեխանիզմների համար։ Ծրագրի շրջանակում կբարելավվի կանոնակարգային և ինստիտոցիոնալ դաշտը, ինչպես նաև շահառուների կարողությունների զարգանան նպատակով՝ հեռավար կրթության հարթակի արդյունավետ շահագործման համար կիրականացվեն վերապատրաստումներ։

Ծրագրի ընդհանուր արժեքը 750 հազար դոլար է, նպատակն է՝ արտակարգ իրավիճակների և համավարակի պայմաններում ապահովել որակյալ և շարունակական կրթություն։