Առողջ և անվտանգ միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում են գրադարանների և թանգարանների տնօրենությունները։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում գրադարաններն ու թանգարաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ պահպանելով ստորև ներկայացված կանոնները:

Գրադարանի այցելուների սպասարկման կանոններ.

1) Արգելվում է գրադարան այցելուների մուտքը առանց դիմակի: Գրադարանում գտնվելու ամբողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ:

2) Նախքան գրադարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ:

3) Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան:

4) Անհրաժեշտ է ապահովել այցելուների հերթերի կառավարում՝ մուտքի մոտ և սպասասրահներում՝ ապահովելով համապատասխան նշումներ կամ առցանց հերթագրման համակարգերի միջոցով:

5) Ընթերցասեղանների մոտ այցելուները նստում են՝ պահպանելով առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

6) Բոլոր ընթերցասեղաններն անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով):

7) Յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գրքերն առանձնացվում են և չեն տրամադրվում առնվազն 1 օր:

Թանգարանի այցելուների սպասարկման կանոններ.

1) Արգելվում է թանգարան մուտքը առանց դիմակի: Թանգարանում գտնվելու ամբողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ:

2) Նախքան թանգարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ և ձեռքերի ախտահանում ալկոհոլային հիմքով ախտահանիչով:

3) Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան:

4) Բացառել այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառակուսի մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը:

5) Նոր այցելություն թույլատրվում է միայն թանգարանի ներսում գտնվող այցելուների թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում:

6) Առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանման և կուտակումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է այցելուների համար սահմանել հստակ գծանշումներով երթուղի, այդ թվում՝ ցուցանմուշների մոտ։

7) Անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում։

8) Հատկապես խմբային այցելությունների համար անհրաժեշտ է սահմանել հստակ ժամային միջակայք: Խմբային այցելությունները պարտադիր իրականացվում են ուղեկցորդի հսկողությամբ։

9) Աշխատակիցների և այցելուների միջև անհրաժեշտ է շփումը հասցնել նվազագույնի, ցանկացած շփում իրականացնել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ։

10) Անհրաժեշտ է բացառել հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը։

11) Հնարավորության դեպքում սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար և անհպում կազմակերպելու նպատակով։

Թանգարաններում հանրային սննդի կազմակերպման ժամանակ գործում են սույն որոշման հավելված N 8-ով, խանութների գործունեության ժամանակ՝ սույն որոշման հավելված N 7-ով սահմանված կանոնները։