ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է 2021 թվականին ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին:

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրն իրականացվում է երրորդ անգամ: Ծրագրով մինչև մեկ միլիոն դրամ է տրվում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհային աջակցությամբ ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով ծրագրի ավարտին դրանք կհրատարակվեն կամ հրապարակվեն:

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են անհատապես դիմել գրողները, քննադատները, թարգմանիչները (ֆիզիկական անձինք), որոնք ՀՀ քաղաքացի են: Այն ստեղծագործողները և հետազոտողները, որոնք նախկինում օգտվել են այս ծրագրից, չեն կարող կրկին հայտ ներկայացնել՝ բացառությամբ թարգմանական նախագծերի: Չեն դիտարկվի հայտերը քննող խորհրդի անդամների կամ նրանց մերձավոր հարազատների (ծնող, զավակ, ամուսին) դիմումները։

Դրամաշնորհ տրվելու է հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.

ա) գեղարվեստական գրականության բոլոր ժանրերին,

բ) հայ ժամանակակից գրականության քննադատություն (հետազոտական աշխատանքներ),

գ) համաշխարհային գրականության նշանակալի՝ մինչև 19-րդ դարի ավարտը ստեղծված երկերի թարգմանություններ (խրախուսելի են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմած ցանկում ընդգրկված գործերի թարգմանությունները):

Մրցույթը մեկնարկել է 2020 թվականի օգոստոսի 17-ին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 17-ն է:

Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի 2020 թվականի դեկտեմբերի 15-ին:

Մրցույթի պայմաններին, կարգին, մանրամասն բոլոր տեղեկություններին կարող եք ծանոթանալ և հայտաձևը ներբեռնել հետևյալ հղումով՝ http://escs.am/am/news/6936

Հայտի փաթեթը (բոլոր նյութերը «PDF» ձևաչափով, իսկ ամբողջը՝ «rar» կամ «zip» փաթեթով) պետք է ուղարկել «literature@escs.am» էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» տողում նշելով Ձեր անունը և ազգանունը:

Հարցերի դեպքում, խնդրում ենք, զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն +(374) 10 599 629 հեռախոսահամարով բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00-ն):