«Երբ համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի անցա «Ագրոսպասարկում» ընկերությունում, շատերը զարմանում էին, թե ինչու և ինչպես երևանցի տղան պետք է մտնի խոզերի անասնագոմ, զբաղվի տոհմային տնտեսությամբ, բայց չէ՞ որ մասնագիտությունը պետք է սիրել ամբողջությամբ, միայն ղեկավարմամբ գայթակղվել պետք չէ: Ես կարող եմ ալյուր մաղել, ֆերմա մտնել, կեղտոտել հագուստս և դրանից բացարձակ վատ չզգալ, նմուշառում կատարել, իսկ հետո երեխայի անհամբերությամբ սպասել հետազոտության արդյունքներին: Այդ ամենն ինձ դրական լիցքեր է հաղորդում»,- իր մասնագիտության մասին է պատմում ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

Մասնագիտության ընտրությունը հեշտ չի եղել, բայց գյուղատնտեսական ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրությունը վճռորոշ դեր է կատարել և Դավիթին տարել Հայաստանի ազգային ագրարային համալսարան. «Դպրոցում գերազանց էի սովորում, չէի կողմնորոշվում՝ գնալ հումինատա՞ր ուղղությամբ, թե՞ գյուղատնտեսական:

Ի վերջո, հաղթեց երկրորդը, ինչի համար շատ ուրախ եմ, չէ՞ որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ նաև գյուղատնտեսական տեսանկյունից: Ընտրությանս հարցում դերակատարում ուներ նաև սննդի (ժպտում է-խմբ.) և սննդագիտության նկատմամբ հետաքրքրությունս: Դեռ փոքր տարիքից սիրում էի հայրիկիս հետ շուկա գնալ: Հայրս շատ խստապահանջ էր մթերքի ընտրության հարցում և նույնն ինձ էր սովորեցնում: Սիրում էի շուկայի եռուզեռը, ուշադրությամբ հետևում էի մասնագետներին, որոնք մսամթերքի նմուշառում էին կատարում, ստուգումներ իրականացնում: Այն ժամանակ չկար սանիտարական փորձաքննություն առանձին մասնագիտություն, պետք էր ընդունվել Ագրարային համալսարանի անասնաբուժական ֆակուլտետ և այդ բազայում սովորելուց հետո նեղացնել մասնագիտացումը, ինչն էլ արեցի»,- պատմում է Դավիթ Պիպոյանը:

Կարևոր է` գիտելիքներդ ծառայեն համակարգային բարեփոխումներին, ոչ թե անհատական շահին

Բուհն ավարտելուց հետո Դավիթը մասնագիտական աշխատանքի է անցել, սակայն սննդի անվտանգության վերաբերյալ գիտելիքները հարստացնելու և Հայաստանում ոլորտի զարգացմանը նպաստելու ցանկությունը նրա համար նոր ճանապարհ են բացել դեպի Իտալիայի Տուշայի համալսարան. «Իտալիայում սովորելը համարում եմ ճակատագրական: Մի քանի անգամ արտերկրում կրթություն ստանալու հնարավորություն եմ ունեցել և բոլոր դեպքերում հայտնվել եմ Իտալիայում: Անգամ սննդի անվտանգության և սննդագիտության գծով դոկտորանտուրա դիմելիս հայտիս մեջ Իտալիա չէի նշել, բայց ինձ ուղղորդեցին այնտեղ: Իտալիայում խորացել եմ սննդագիտության և պարենային իրավունքի ոլորտում: Դժվարությունները՝ սկսած նոր լեզու սովորելուց, քիչ չէին, սակայն մասնագիտական զարգացում գրանցելը բոլոր դեպքերում առաջ է մղում»,-վստահեցնում է երիտասարդ մասնագետը:

Չնայած Իտալիայում մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորություններին՝ Դավիթ Պիպոյանը Հայաստանում նոր զարգացող ոլորտի կայացմանը նպաստելու վճռականությամբ վերադարձել է հայրենիք. «Ո՞ւմ են պետք արտերկրում ստացածդ գիտելիքները, եթե դրանք չես կիրառելու քո երկրում: Վերադառնալուց հետո Հայաստանի ֆերմերների ազգային միության նախագահ պայծառահիշատակ Վանիկ Սողոմոնյանն ինձ հրավիրեց Կառավարության հետ քննարկման՝ ասելով, որ կարող եմ իմ ներդրումն ունենալ սննդի անվտանգության ոլորտի բարեփոխումների հարցում: Այդ քննարկումներից հետո Կառավարությունից աշխատանքի առաջարկ ստացա: Ես կարող էի Իտալիայում որևէ ֆերմայում աշխատանքի անցնել և մեծ գումարներ աշխատել, բայց ինձ համար շատ կարևոր էր, որ գիտելիքներս փոխանցվեն իմ երկրին, ծառայեն համակարգային բարեփոխումներին, ոչ թե անհատական շահին»:

Կառավարության աշխատակազմում Դավիթ Պիպոյանը սկսել է զբաղվել սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման գիտական կենտրոնի կայացման աշխատանքներով, բայց չի էլ պատկերացրել, որ շուտով հենց ինքն է դառնալու ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը: Աշխատանքային խմբի ձևավորում, մասնագիտական վերապատրաստումներ, մոնիթորինգային ծրագրերի իրականացում. Դավիթը ոգևորությամբ է հիշում, թե ինչպես են քայլ առ քայլ առաջ շարժվել, փորձել հնարավորինս նպաստել ոլորտի կայացմանը: 2013 թվականին Դավիթն Իտալիայում ընդունվել է արդեն դոկտորանտուրա, 3 տարի արտերկրում գտնվելով` մշտապես պահել է կենտրոնի հետ կապը և ապրել սեփական երկրին օգտակար լինելու գաղափարով:

Այս ոլորտում իսկապես շատ գործ կա

Դավիթն ուրախությամբ է նշում, որ եթե նախկինում նախանձով էր հետևում, թե ինչպես են իտալացիները հպարտանում իրենց սննդային ժառանգությամբ, ապա այժմ այդ միտումը նկատում է նաև մեր երկրում. «Սննդագիտությունը ներառում է նաև պատմամշակութային ժառանգությունը, պարենի գնահատումն ու արժևորումը, ազգային խոհանոցը: Մենք, իհարկե, ավելի շատ հնարավորություններ ունենք, քան օգտագործում ենք, բայց դրական միտումներ կան: Չեք պատկերացնի, թե ինչ մեծ փառք, ինչպիսի ոգևորություն եմ ապրում, երբ արտասահմանցի հյուրերը դրական են գնահատում Հայաստանում ոլորտի զարգացվածությունը: Պետք է ավելի շատ արժևորենք մերը և ներկայանանք սեփական արտադրանքով»:

Իր մասնագիտության նվիրյալը ցավով է նշում, որ երիտասարդների` ոլորտի նկատմամբ հետաքրքրվածությունը շատ մեծ չէ, բայց վստահաբար ասում է` խնդիրն աշխատանք ունենալ-չունենալու հարցը չէ. «Սխալ կլինի ասել, թե երիտասարդներն այս ոլորտով քիչ են հետաքրքրվում, քանի որ աշխատանք չկա: Ինքս հաճախակի եմ հրապարակում աշխատանքի վերաբերյալ հայտարարություններ, մեր մասնագիտությամբ իսկապես գործ կա, պարզապես ժամանակակից երիտասարդների արժեհամակարգը փոքր-ինչ այլ է:

Ես բացարձակապես չեմ թերագնահատում, հակառակն այսօրվա երիտասարդները շատ հետաքրքիր մոտեցումներ ունեն, բայց նրանք ցանկանում են արագ արդյունքի հասնել, իսկ մեր ոլորտում աստիճանական զարգացումը շատ կարևոր է. անկախ նեղ մասնագիտացումից` պետք է սիրես արտադրությունը, հետազոտությունների իրականացումը, ցանկություն ունենաս ֆերմա մտնելու` առանց վախենալու, որ հագուստիցդ հոտ կգա»,- ասում է Դավիթը և ընդգծում` արտասահմանում ստացած գիտելիքները ոչինչ կլինեին, եթե տեղական պրակտիկան չլիներ:

Հայաստանում սննդամթերքի անվտանգության և ագրոպարենային համակարգի զարգացման միտումները դեռ չեն բավարարում Դավիթին, ասում է` շատ աշխատանք կա` կրթություն-գիտություն կապի ամրապնդումից սկսած մինչև անվտանգության համակարգի պարտադիր ներդրում: Խնդիրները ևս քիչ չեն, բայց երիտասարդ գիտնականը տարեցտարի անգամ փոքր առաջընթաց տեսնելն աշխատանքի գնահատական է համարում և ավելի մեծ ոգևորությամբ փորձում լուծումներ գտնել. «Ոչ մի պարագայում չեմ հիասթափվում, ոգևորվում եմ անգամ փոքր առաջընթացից, որ ակնհայտ է: Ես ինձ իսկապես շատ երջանիկ մասնագետ եմ համարում, եթե կյանքը պտտելու և որևէ բան փոխելու 100 հնարավորություն էլ տան, կսկսեմ նույն կետից՝ Ագրարային համալսարանից»:

Պատրաստեց Գայանե Աբասյանը