Հանրակրթության պետական չափորոշչի առաջարկվող նախագծում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան ներառված է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) բնագավառում։

Հանրակրթական դպրոցում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան դասավանդվում է տարրական դպրոցում 2-4-րդ դասարաններում, միջին դպրոցում 5-9-րդ դասարաններում և ավագ դպրոցում 10-12-րդ դասարաններում, որպես առանձին առարկա։

Նոր չափորոշիչներով «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի վերջնարդյունքները, բացառությամբ «Թվային գործիքներ և համագործակցություն» գիտակարգային առանցքային գաղափարի ներքո բերված վերջնարդյունքների, թույլ են տալիս առարկան ուսումնասիրել ինչպես համակարգչի կամ թվային սարքի օգնությամբ, այնպես էլ առանց դրանց կիրառության։ Դպրոցները, ելնելով իրենց առանձնահատկությունից, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության մակարդակից, հնարավորություն ունեն ընտրելու թե ինչպես են դասավանդում առարկան։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ միջին դպրոցի վերջնարդյունքները գրված են մոդուլյար կերպով, ինչը թույլ է տալիս ցանկացած մակարդակի կրթական կարիք ունեցող սովորողին հաջողության հասնել՝ չհիմնվելով նախորդ գիտելիքի վրա։

«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» ծրագրի հիմքում դրված են չորս հիմնական գիտակարգային գաղափարներ․ դրանք են՝

1) Հաշվողականությունն (Computing) ու հասարակությունը
2) Թվային գործիքներն ու համագործակցությունը
3) Համակարգչային սարքեր և համակարգեր
4) Հաշվարկային (Computational) և ալգորիթմիկ մտածողություն: Դրանց ենթագաղափարները և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների և ըստ դասարանների։

Դպրոցական յուրաքանչյուր մակարդակում և առարկայի յուրաքանչյուր գիտակարգային հիմնական գաղափարի ուղղության մեջ ներառված վերջնարդյունքները, ակնկալում են աշակերտից ցուցադրել իմացական բարդության լայն շրջանակ, ինչպիսին որ առկա է «Բլումի Վերանայված Տաքսոնոմիայում»․ այն է՝ հիշելու, ըմբռնելու, կիրառելու, վերլուծելու, գնահատելու և ստեղծելու այսպես կոչվող իմացական կարողությունների մակարդակներում:

Առաջարկվող ծրագիրը հիմնված է մանրամասնորեն ընտրված այնպիսի բովանդակային չափորոշիչների վրա, որոնք հստակ են, կենտրոնացված են և մատուցվում են համաձայնեցված հստակ հաջորդականությամբ: Բոլոր վերջնարդյունքները կոդավորված են դպրոցական տարբեր մակարդակներում և դասարաններում, ինչպես նաև առարկային առնչվող ռեսուրսներում ու գնահատման թերթիկներում դրանց կառուցվածքն ու հաջորդականությունը միասնական պահելու նպատակով։

Օրինակելի ծրագրերում Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների կոդերը ցույց են տալիս կապն ընդհանուր կարողունակությունների (գիտելիք, հմտություն, վերաբերմունք, արժեքային համակարգ), ինչպես նաև, ըստ դպրոցական մակարդակների, շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ։

Ծրագիրը գլխավորապես տարբերվում է գործողից նոր կառուցվածքով, որը բերված է։ Գիտակարգային չորս գաղափարների և դրանցից բխող թեմաների փոքր մասն է համընկնում «Ինֆորմատիկա» առարկայի գործող ծրագրի թեմաներին։ Այս կառուցվածքն արտացոլում է ժամանակակից կրթական առաջադեմ համակարգերում կիրառվող առարկայի գիտակարգային գաղափարների կառուցվածքը։

Բացի կառուցվածքից, ծրագրի գլխավոր առանձնահատկություններից է որևէ թեմայի շրջանակում կիրառվող ծրագրային ապահովման և լուծումների ճկունությունը, ինչը հնարավորություն է տալիս ուսուցչին ընտրել, թե որ ծրագրային ապահովմամբ է նա ցանկանում դասավանդել տվյալ թեման։

Ստորև շարադրված են գիտակարգային առանցքային գաղափարների ընդհանուր հիմնավորումները։

1) Հաշվողականությունն (Computing) ու հասարակությունը

Համակարգչային տեխնոլոգիաներով աշխատանքը և դրանց ստեղծումն ազդեցություն ունի բոլոր մարդկանց վրա և ունի գլոբալ հետևանքներ այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, օգնող-օժանդակող տեխնոլոգիաները, սոցիալական ցանցերը, և վերջապես տնտեսությունն ամբողջությամբ: Հաշվողականությունն առանցքային բաղադրիչ է բազմաթիվ մասնագիտությունների համար, իսկ թվային մեդիայի բովանդակությունն ազդեցություն է թողնում բոլոր քաղաքացիների և հասարակության վրա ընդհանրապես: Անձնական գաղտնիության, էթիկայի, անվտանգության և հեղինակային իրավունքի պահպանման սկզբունքները ներգործություն ունեն թվային ապահովության և անվտանգության վրա, ինչպես նաև ազդում են միջանձնային և հասարակությունների միջև փոխհարաբերությունների վրա:

2) Թվային գործիքներն ու համագործակցությունը

Թվային գործիքները համակարգչային ծրագրային լուծումներ են, որոնք թվային ֆորմատով արտադրում, բանեցնում կամ պահպանում են տվյալներ (օր՝ տեքստային խմբագրիչներ, նկարչական ծրագրեր, նկարների/տեսանյութերի/երաժշտության խմբագրիչներ, սիմուլյատորներ, hամակարգչային դիզայնի կամ հրատարակչական ծրագրեր): Թվային գործիքները կարևոր գործիքներ են հետազոտություն իրականացնելու, հաղորդակցվելու, համագործակցելու և սոցիալական, աշխատանքային կամ անձնական միջավայրեր ստեղծելու համար: Թվային գործիքների արդյունավետ օգտագործումը մեծապես ազդում է դպրոցում կամ աշխատանքում հաջողության հասնելու վրա:

3) Համակարգչային սարքեր և համակարգեր

Հաշվողական համակարգերը պարունակում են բաղադրիչներ, ինչպիսիք են սարքերը, ծրագրային ապահովումները, միջերեսները և ցանցերը, որոնց միջոցով միանում են համայնքներ, սարքեր, մարդիկ և ծառայություններ: Դրանք մարդ-համակարգիչ գործընկերության միջոցով հնարավորություն են տալիս մարդկանց ստեղծել, համագործակցել և սովորել: Բազմաթիվ հաշվողական համակարգերի դիզայնը թույլ է տալիս մարդկանց վերացնել սխալները, ընդարձակել և ստեղծել նոր համակարգեր:

4) Հաշվարկային (Computational) և ալգորիթմիկ մտածողություն

Հաշվարկային կամ ալգորիթմիկ մտածողությունը խնդիր լուծելու գործընթացի տեսակ է, որը մարդուց պահանջում է մտածել նոր ձևով, այն է՝ խնդիր լուծելու կամ լուծում ստեղծելու համար օգտագործել համակարգիչ: Արագորեն և ճշգրտորեն ծրագրային ապահովում գործարկելու համակարգիչների կարողությունը ստեղծում է նոր հնարավորություններ խնդիրներ լուծելու, դրանք մշակելու և ստեղծելու համար: