ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով ծրագրի շրջանակում՝ օգոստոսի 14-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը բացօթյա համերգով հանդես կգան ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում:

Վարսենիկ Ավանյանը կկատարի հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ, իսկ Վահագն Հայրապետյանը կներկայացնի հեղինակային, ինչպես նաև հայտնի ու սիրված ջազ մեղեդիների սեփական մշակումները:

«Թիկունքը՝ մշակույթ» խորագրով նախաձեռնությունը մեկնարկել է օգոստոսի 5-ին: Առաջին միջոցառումներն անցկացվել են Արծվաբերդ (օգոստոսի 5) և Տավուշ (օգոստոսի 6) գյուղերում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի և «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի պատանի երաժիշտների մասնակցությամբ: