Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (American Councils)» կազմակերպությունը և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը (United Nations Office on Drugs and Crime-UNODC) նախաձեռնել են երիտասարդների մասնակցությամբ օրենքի գերակայությանը միտված «E4J Justice Accelerator» ծրագրի մեկնարկը։ Առցանց միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Նա շնորհավորել է Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, կարևորել տարվա կարգախոսը և կոչ արել երիտասարդներին ակտիվ ներգրավվածություն ունենալ տեղական, ազգային, ինչպես նաև համաշխարհային ինստիտուտներում և գործընթացներում: Համոզմունք հայտնելով, որ ժողովրդավարության ամրապնդումն ու օրենքի գերակայության հաստատումն ակնկալում են ակտիվ հանրային մասնակցություն և ստեղծագործականություն, նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանն ընդգծել է երիտասարդների ներգրավվածության կարևորությունն այս ծրագրին, որը նախատեսում է կրթության, նորարարության և ձեռներեցության համադրություն: Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ 2018 թ.-ի Թավշյա հեղափոխության և ժողովրդավարական զարգացումների արդյունքում այսօր Հայաստանում առկա են հանրային կյանքի տարբեր ինստիտուտների կայացման մեջ քաղաքացիների և լայն հանրության մասնակցության բոլոր հնարավորությունները։ Ընդգծելով երիտասարդների մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների կայացմանը՝ Ա.Մարտիրոսյանն այս առումով առանձնացրել է «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ․ ռազմավարությունը, որի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են: Փոխնախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և հաջողություն հայտնել մրցող թիմերին:

Նշենք, որ E4J Justice Accelerator-ն 3-ամսյա անվճար ծրագիր է․ այն հնարավություն է տալիս 16-18 տարեկան երիտասարդներին ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն դառնալ երիտասարդ ձեռնարկատերեր՝ լուծելու օրենքի ուժի և համայնքային կայուն զարգացման հետ կապված խնդիրները։
Ծրագրի փուլերն են՝
2020թ․ օգոստոս-մեկշաբաթյա առցանց դասընթացներ
2020թ․ սեպտեմբեր-նոյեմբեր-մասնակիցները խմբերով ծրագրեր են իրականացնում իրենց համայնքներում՝ օգտագործելով դասընթացների ընթացքում ստացած հմտությունները
2020թ․ դեկտեմբեր-հաղթող խումբը մեկնում է արտերկիր՝ մասնակցելու միջազգային միջոցառման։ Ճանապարհորդության հետ կապված հետագա լուծումները պայմանավորված կլինեն Հայաստանում դեկտեմբերին տիրող համաճարակային իրավիճակով։