Երևանի օղակաձև զբոսայգում այսօր ներկայացվել է ուղղահայաց տեղադրված վիշապաքարը և ամփոփվել մյուս վիշապաքարերի դիրքերն ուղղելու աշխատանքների արդյունքները։
«Նախարարության և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատանքի արդյունքում 5 վիշապաքարեր բերվել են իրենց իսկական դիրքին, թեպետ տարածքի առումով դրանք իրենց «բնօրրանում» չեն գտնվում: Կարծում եմ սա շատ կարևոր առաջին քայլն էր, որ վիշապաքարերը բետոնից ազատվեցին և ճիշտ դիրքով տեղադրվեցին: Այս վիշապաքարը հինգերորդն է, որ տևական ժամանակ տեղադրված էր այս գեղեցիկ լճի մոտ»,-ասել է Ն. Խաչատուրյանը:
«Վիշապաքարերը հուշարձանի մի տեսակ են, որոնք իրենց բնույթով շատ նման են խաչքարերին: Դրանք ի հայտ են գալիս միայն Հայկական լեռնաշխարհում, հիմնականում բարձր լեռնային գոտիներում և բացառիկ հուշարձան են նաև համաշխարհային ժառանգության տեսանկյունից»,-ասել է ԳԱԱ ՀԱԻ տնօրենի տեղակալ, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը։ Նրա խոսքով վիշապաքարերը պաշտամունքային հուշարձաններ են, որոնք տարածված են եղել Վանի, Սևանի, Ուրմիայի ավազաններում:
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Կալիֆորնիայի «Արարատ Էսքիճյան թանգարանի» հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ վերահսկողությամբ և «ԱրխեոԱրտ և ԼԱԲ» ՀԿ-ի համագործակցությամբ, ինչպես նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով։ Ծրագրին աջակցել է նաև «Նուշիկյան ասոցիացիան»։ Գիտական վերահսկողությունն ու ղեկավարումն իրականացնում է ԳԱԱ ՀԱԻ տնօրենի տեղակալ, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը։
Միջոցառմանը ներկա են նաև եղել «ԱրխեոԱրտ և ԼԱԲ» ՀԿ-ի ղեկավար Արտավազդ Զաքյանը, ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Վանյանը և այլք։