«Պատկերացրեք դպրոցական սենյակ, որտեղ հատուկ VR ակնոց կրելով, աշակերտները հայտնվում են որևէ պատմական ժամանակաշրջանում, վերակազմությամբ տեսնում այն իր ամբողջ հմայքով՝ բերդերով ու պալատներով, տաճարներով ու քաղաքներով․․․»,- ճարտարապետ-վերակազմողի իր մասնագիտության գրավիչ կողմերն է ներկայացնում Ռուբեն Սարգսյանը` համոզմունք հայտնելով, որ այդ պայմաններում սովորող յուրաքանչյուր երեխա մեծագույն սիրով կգնա դպրոց։

Ռուբենն իր մասնագիտությունը համեմատում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հետ։ «Ճիշտ է, Հայաստանում վերակազմության ինստիտուտը նոր է ձևավորվում, բայց 21-րդ դարում պատմությունը կցել միայն տեքստին, չափազանց քիչ է։ Ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել»,- հիմնավորում է նա։

Ռուբենը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ գիտաշխատող է։ Ծնվել է ճարտարապետների ընտանիքում, ընդունվել է Դիզայնի ֆակուլտետ. ծնողները պնդել են, որ մրցունակ ու հարմար մասնագիտություն է։ Սակայն ուսումնառության տարիներին ճարտարապետության և պատմության նկատմամբ անհագ սերն ու հետաքրքրությունը մշտապես մղել են այդ ոլորտներն ուսումնասիրելու և ինքնակրթվելու։ Հետագայում, օգտվելով հնարավորությունից, հանձնել է քննություններ սիրելի առարկաներից և դարձել Ճարտարապետության տեսության, վերականգնման և վերակառուցման ամբիոնի ասպիրանտ՝ արդեն փաստացի իրագործելով ոլորտում ունեցած գիտելիքն ու հմտությունները։

«Ի տարբերություն վերականգնողի՝ վերակազմողը տվյալ կառույցի վերջնական տեսքն ստանում է եռաչափ մոդելավորման միջոցով։ Օրինակ՝ շինություն կա, որի միայն հիմքերն են մնացել, և դու նյութ չունես այն վերականգնելու, իսկ վերակազմության միջոցով՝ ունեցածդ փաստերի հիման վրա կարող ես ստանալ գրեթե ճշգրիտ պատկերը»,- բացատրում է Ռուբենը՝ նշելով, որ իր գործերից մեկը տպագրվել է Արտակ Մովսիսյանի «Արարատ-Ուրարտու» գրքում։ Դա նրա մասնագիտական առաջին ձեռքբերումն է։

Ռուբենն այսօր իր մասնագիտությամբ աշխատում է նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Պատմում է, որ տարիներ առաջ երջանիկ պատահականությամբ Օձաբերդի պեղումների ժամանակ հանդիպել է թանգարանի ներկայիս տնօրեն Միքայել Բադալյանին, և ընդհանուր հետաքրքրություններն առիթ են դարձել հետագա համագործակցության համար։ «Էրեբունի թանգարանում աշխատելն իմ հաջողություններից մեկն է։ Հայաստանում գիտական ոլորտը թեև դեռ շատ բարձր չի վարձատրվում, բայց դա չի խանգարում սիրել գործդ։ Ես ամեն օր երջանիկ ժպիտով եմ տուն վերադառնում. այսօր էլ մի լավ բան արեցի, մի քայլ ևս մոտեցա վերջնական նպատակիս»,- ոգևորված պատմում է Ռուբենը։

Առաջիկայում տպագրվելու է երիտասարդ գիտնականի եռաչափ մոդելավորման աշխատանքների գիրքը, ինչպես նաև թանգարանի ղեկավարության հետ նպատակ ունեն Վանի թագավորությանն առնչվող եռաչափ մոդելավորմամբ սրահ ունենալ։ Կարևոր չէ՝ ինչքան ես վարձատրվում, կարևորը, թե ինչքանով ես հավատում քո գործին՝ այս գաղափարն է առաջ մղում մեր հերոսին։ «Մի անգամ այնպես ստացվեց, որ թանգարան այցելած աշակերտներին ցանկացա ամրոց տանել, թեև գործս էքսկուրսավարների բաժնի հետ չէ։ Ընկերոջս վերակազմած ուրարտական շրջանի զինվորի հագուստ էի հագել։ Երեխաների հետ գնացինք Արգիշտի արքայի բլուրը «գրավելու»։ Աշակերտների ոգևորությունն այնքան մեծ էր, որ ես էլ նրանց հավասար ոգևորվել էի»,- ուրախ պատմում է «զինվոր» Ռուբենը։ Նրա կարծիքով զբոսաշրջիկներին Հայաստանը ներկայացնելիս պետք է սկսել Էրեբունուց։ Հպարտությամբ հիշում է, որ երբ ինքն էր Իտալիայում որպես զբոսաշրջիկ, գիդը, անդրադառնալով իրեն, փաստել է, որ հայերին հին պատմությամբ չես զարմացնի։

Ռուբենի գիտական աշխատանքի թեման Վանի թագավորությունն է՝ եռաչափ վերակազմության միջոցով այդ ժամանակաշրջանին վերաբերող շատ հարցերի պատասխան տալը։ Արմատներով վանեցի է։ Նախնիները 1915 թ.-ին հաստատվել են Երևանում և այդ ժամանակից ի վեր ապրում են կենտրոնում` Գրիգոր Լուսավորիչ պողոտայում։ Տարիների ընթացքում քաղաքը ձևավորվել է իրենց տան շուրջ, այսօր ինքն իր մասնագիտական գիտելիքներով վերակազմելու է հնագույն Վանը՝ իր պապերի քաղաքը։ Մեր հերոսն անկեղծանում է, որ մասնագիտության նկատմամբ սերը խորը արմատներ ունի. «Որքան էլ ծիծաղելի թվա, բայց հետաքրքրության առաջին սերմերը «Մումիա» ֆիլմից են, հատկապես այն հատվածից, երբ աղջիկը մտովի վերադառնում է անցյալ և պատկերացնում այդ վայրի իսկական տեսքը»։

Ռուբենը պատմում է նաև, որ առաջին անգամ Էրեբունի թանգարան այցելել է 18 տարեկանում՝ իր ծննդյան օրը։ «Տանը Էրեբունու մասին մի գիրք կար, պատահաբար թերթեցի և միանգամից հետաքրքրեց։ Երկու ամիս անց բանակ զորակոչվեցի և այդ ժամանակաշրջանը բավական էր ինձ՝ հասկանալու, որ ճարտարապետությունն ու պատմությունն այն ոլորտներն են, որոնցով ցանկանում եմ զբաղվել։ Եվ տարիների հետ քայլ-քայլ հայտնվեցի իմ տեղում»,- անցյալից հասնելով ներկա՝ պատմում է նա։

Բացի եռաչափ վերակազմությունից, Ռուբենը սիրողական գործ էլ ունի. տանը մ. թ. ա. 1-ին դարի թագավորի, թագուհու և քրմապետի հագուստներ է վերակազմում։ «Իմ փորձը ցույց է տվել, որ երբ ինչ-որ աշխատանք եմ անում, կիրառությունը հետո գտնվում է։ Մենք այնքան հարուստ պատմական ժառանգություն ունենք, որ վերակազմողների բանակ էլ ունենանք, միշտ աշխատանք կգտնվի, իսկ լավ աշխատանքի համար միշտ ներդրողներ գտնվում են։ Շատ լավ կլիներ, որ պատմական հարուստ անցյալ ունեցող մեր հայրենիքը ճարտարապետ-վերակազմողներ շատ ունենար»,- եզրափակում է երիտասարդ գիտնականը։

Պատրաստեց Լալա Բադոյանը