ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշել է փոփոխություններ կատարել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, որ գործող կարգով քաղաքացին հնարավորություն ունի տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար: «Սակայն եթե քաղաքացին ունի այլ հիմքով տարկետում, դիցուք, հիվանդության պատճառով, նախարարությունը ստիպված է լինում նրան ասել, որ թեպետ դու ունես հանձնաժողովի դրական եզրակացությունը, բայց պետք է դիմես միայն այլ հիմքով ստացած տարկետման ավարտից հետո: Փոփոխությամբ սահմանել ենք, որ երբ քաղաքացու այլ հիմքով տարկետումն ավարտվում է, ապա նույն օրվանից ուժի մեջ է մտնում գործադիրի թիվ 451-Ն որոշմամբ սահմանված՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար ստացած տարկետումը»,-բացատրել է նախարարը:

Ա.Հարությունյանն անդրադարձել է նաև մեկ այլ փոփոխության: Գործող կարգով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ: Նոր նախագծով նույն կրթական ծրագրով տարկետում կտրվի օլիմպիադաներում նվաճումներ ունեցող կամ համապատասխան գիտական հոդվածների, գիտական զեկույցների և ՄՈԳ-ի գնահատման արդյունքում տարկետում ստացած քաղաքացիներին աշխարհի լավագույն 50 բուհերի ցանկում գտնվող որևէ հաստատություն ընդունվելու դեպքում:

Բացի այդ, նույն կրթական ծրագրում ուսումնառելու համար տարկետում կտրվի նաև այն դեպքերում, երբ լավագույն բուհերի ցանկում գտնվող որևէ հաստատություն սովորող քաղաքացին ուսումնառության ընթացքում ավելի բարձր վարկանիշ ունեցող բուհ է ընդունվում: Տվյալ դեպքում քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության և հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալու դեպքում վերջինս կարող է օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

Նշվել է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ հիմքերով տարկետում ստացած քաղաքացիներին գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը մերժելու դեպքերը բացառելու նպատակով: