ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ազդարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրի մեկնարկը, որը միտված է կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքով ստեղծված արտակարգ պայմաններում Հայաստանի Հանրապետության մշակույթի և ստեղծարար ոլորտների ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության շարունակականությունն ապահովելուն:

Մրցույթը կազմակերպվում է հետևյալ ոլորտներում՝

  • Ժամանակակից արվեստ (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, փերֆորմանս, կերպարվեստ, տեսարվեստ (վիդեոարտ), լուսանկարչություն, ինստալյացիա)
  • Կիրառական արվեստ (ձեռարվեստ, ժողովրդական արվեստ և արհեստ),
  • Գրականություն

Մրցույթի անվանակարգերը՝

  1. Մշակութային նախագծեր և միջոցառումներ (ժամանակակից արվեստ)
  2. Մշակութային նախագծեր և միջոցառումներ (կիրառական արվեստ, գրականություն)

Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են նաև չափորոշիչներ:

Մրցույթի մասնակցության կարգը և պայմանները

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գրանցված մշակութային և ստեղծարար գործունեությամբ զբաղվող իրավաբանական (ՓԲԸ, ՍՊԸ, ՀԿ, Հիմնադրամ) և ԱՁ միջոցով հայտատու ինքնազբաղ արվեստագետները, որոնք՝

  1. հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային ժամկետանց պարտավորություններ
  2. հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չունեն ֆինանսական և բովանդակային հաշվետվությունների չիրականացված պարտավորություններ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նկատմամբ (ինչպես նաև՝ նախկինում ՀՀ մշակույթի նախարարության)
  3. մշակույթի ոլորտի պետական կամ համայնքային կառույցների աշխատակիցներ չեն
  4. 2018-2019 թթ. վարել են ակտիվ ստեղծագործական գործունեություն, որը կարող են հավաստել համապատասխան փաստաթղթերով:

Չեն կարող մասնակցել ՊՈԱԿ-ներ և ՀՈԱԿ–ներ և այն կազմակերպությունները, որոնք 2020 թվականի ընթացքում իրականացրել են միջոցառումներ և նախագծեր ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհների շրջանակներում:

Մրցույթի մասնակցության փաթեթը ներառում է՝

  • Հայտաձև՝ համաձայն ձևաչափի (Ձև N 1)
  • Նախահաշիվ՝ համաձայն ձևաչափի (Ձև N 2)
  • Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները
  • Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ
  • Տեղեկանք նախագծի իրականացման շուրջ համագործակցող կողմերի մասին
  • Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ
  • 2018-2019թթ. հայտատուի ստեղծագործական գործունեությունը հավաստող փաստաթղթեր, նյութեր

Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ հայերեն թարգմանությամբ:

Հայտադիմումի փաթեթը ներկայացվում է նախարարություն թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով (էլեկտրոնային նյութերի առավելագույն ծավալը 20 MB)՝ և ընդունվում է մինչև հայտերի ընդունման ժամկետի ավարտը:

Մասնակիցը չի կարող նույն անվանակարգում ներկայացնել մեկից ավելի հայտ: Անվանակարգին չհամապատասխանող և թերի լրացված հայտերը մերժվում են:

Հայտերը պետք է ներկայացնել բացառապես փակ ծրարով, որտեղ պետք է ներռված լինեն անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը և էլեկտրոնային կրիչը՝ ամբողջական փաթեթի էլեկտրոնային նյութերով:

Փակ ծրարի վերևի աջ անկյունում նշել միայն 5 նիշից բաղկացած ցանկացած թվային կոդ և անվանակարգը (Հայտատուին, կազմակերպությանը, նախագծին վերաբերող տվյալներ չնշել):

Մրցույթին ներկայացված հայտերը վերադարձման ենթակա չեն:
Մրցույթի մասնակիցը կամ նրա լիազորած անձը հայտը հանձնելիս ստանում է համապատասխան ստացական:
Հայտերն ընդունվում են.

  1. Մշակութային նախագծեր և միջոցառումներ (ժամանակակից արվեստ)
    ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն
    Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. (010) 599-631
  2. Մշակութային նախագծեր և միջոցառումներ (կիրառական արվեստ, գրականություն)
    ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն
    Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. (010) 599-629

Մրցույթի իրականացման ժամանակացույցը

Մրցույթի մեկնարկ 05.08.2020
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 20.08.2020

Մրցույթի արդյունքների հայտարարումը կտեղեկացվի լրացուցիչ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացմամբ պայմանավորված:

Հայտերի գնահատում

Հայտերը քննում և գնահատում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:

Հայտերի գնահատումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրապարակած մրցույթով սահմանված կարգով՝ ըստ հանձնաժողովի մշակած չափորոշիչների։

Ըստ այդմ՝ առաջնահերթություն է տրվելու այն հայտերին՝

  • որոնց իրականացման ժամանակ առավելագույնս է հնարավոր պահպանել պարետատան ցուցումները,
  • որոնք չեն ենթադրում զանգվածային հաղորդակցություն, ունեն բացօթյա կամ առցանց իրականացման հնարավորություն,
  • չեն կարող թերակատարվել կամ չիրականացվել համաճարակի հավանական զարգացումների հետևանքով,
  • միջազգային համագործակցության բաղադրիչն իրականացնում են առցանց գործիքներով՝ նվազագույնս նախատեսելով միջազգային տեղաշարժ,
  • որոնց շրջանակում իրականացվող միջոցառման թիրախային (հանդիսատեսային և մասնակցային) խմբերը չպետք է ներառված լինեն ռիսկային գոտում։

Սույն դրամաշնորհի շրջանակում չեն կարող ֆինանսավորվել հրատարակման և կինոարտադրության նախագծերը։

Ծրագրի տևողությունը և բյուջեն

Դրամաշնորհը տրվում է ընթացիկ տարվա համար։ Պայմանավորված ուղղությամբ, ներկայացված բյուջեի ծավալներով՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես։

Ներկայացված ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել շինարարական (վերանորւգման) կապիտալ և հյուրասիրությունների ծախսեր, ինչպես նաև շահույթ ենթադրող ծախսային ուղղություններ: