ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի հնագետ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949 թ. մայիսի 13-ին Երևանում: 1970 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը:
1981 թվականին Գ. Արեշյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ԵՊՀ-ում ստեղծվել է հնագիտական հետազոտությունների գիտական լաբորատորիան, որն էլ ղեկավարել է մինչև 1987 թվականը:
1987-1991թթ. նա զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: Մեծ է նրա ավանդը ՀՀ տարածքի հնագիտական հուշարձանների դաշտային հետազոտությունների ոլոտում, հայաստանյան հնագիտության միջազգայնացման, հայ-ամերիկյան գիտական կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում: Անկախության առաջին տարիներին Գ. Արեշյանը ներգրավվել է նաև երկրի կառավարման գործում՝ 1991-1992թթ. զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը:

Նա ավելի քան 150 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք հրատարակվել են 5 լեզուներով՝ 12 երկրներում:

Նախարար Արայիկ Հարությունյանն իր վշտակցությունն է հայտնել Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ՝ մասնավորապես նշելով. «Ցավում եմ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ: Հնագիտության ոլորտը մեծ կորուստ ունեցավ՝ ի դեմս աշխարհահռչակ հնագետի և գիտնականի: Լիահույս եմ, որ նրա թողած ժառանգությունը նորովի կգնահատվի և կշարունակվի սերունդների կողմից»: