Հուլիսի 25-ից 30-ը տեղի է ունեցել 27-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition)։ Այս տարի առցանց անցկացված օլիմպիադային մասնակցել են աշխարհի 96 համալսարանի թիմեր (546 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը:

Երևանի պետական համալսարանը ներկայացված էր 7 մասնակիցով, որոնցից հինգը՝ Արսեն Համբարձումյանը, Վահան Մարտիրոսյանը, Վահագն Ալթունյանը, Իշխան Էլազյանը և Սևակ Աբրահամյանը արժանացել են ոսկե, իսկ Վահե Կարագուլյանը և Արման Բայրամյանը՝ արծաթե մեդալների: Օլիմպիադան անցկացվել և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Արսեն Համբարձումյանն անհատական հաշվարկում կիսել է պատվավոր 25-27-րդ տեղերը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 10-րդ տեղը:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ-ի թիմը ղեկավարել են ԵՊՀ դասախոս Կարեն Քեռյանը և Վազգեն Միքայելյանը: ԵՊՀ թիմը մարզել է Կարեն Քեռյանը, ում աջակցել են Վազգեն Միքայելյանը և Ալբերտ Գևորգյանը:

Նշենք, որ օլիմպիադային տրված 8 խնդիրներից մեկը կազմել և առաջադրել է Կարեն Քեռյանը: