Հայաստանի կոմպոզիտորների միությունը արտակարգ իրավիճակի իրավական սահմանափակումներից ելնելով և հակահամաճարակային միջոցառումներով պայմանավորված՝ երաժշտասեր հանրությանն է ներկայացնում արդեն 3-րդ առցանց նախագիծը: Այս անգամ այն նվիրված է անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի հոբելյանին:

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Վլադիլեն Բալյանին նվիրված առցանց համերգը կրում է «Ռոմանսներ և երգեր» խորագիրը: Համերգին մասնակցում են ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, Էլեն Կիրակոսյանը, Նարինե Անանիկյանը, Արմինե Վարդանյանը, Մարգարիտ Սարգսյանը, Էմմանուել Հովհաննիսյանը, Արսեն Գևորգյանը, Ավետիք Մարգարյանը, Լևոն Ջավադյանը: Ներածական խոսքը` Նարինե Ավետիսյանի: Ներկայացվող ստեղծագործությունների ցանկում կլինեն նաև պրեմիերաներ: Առցանց համերգը կհեռարձակվի օգոստոսի 3-ին՝ ժամը 17:00-ին:

Հավելենք, որ համերգն անցկացվում է «Պատմություն կերտելով» հոբելյանական համերգաշարի շրջանակում: