ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացավ, որ 76 տարեկանում կյանքից հեռացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետի Սաքապետոյանը:
Ավելի քան կես դար նա իր կյանքը կապել էր մայր բուհի հետ, կրթել, իր խորը գիտելիքները փոխանցել բանասերների բազում սերունդների: Ռուբեն Սաքապետոյանը եղել է ֆակուլտետի արևմտահայերենի լավագույն ուսուցիչը, ստեղծել բազմաթիվ արժեքավոր մենագրություններ, բառարաններ:
Նա շուրջ 50 գիտական հոդվածների հեղինակ է, ինչպես նաև՝ «Ե. Չարենցի արձակի լեզուն և ոճը» (Բեյրութ, 1992 թ.), «Արևմտահայերենի և արևելահայերենի բառապաշարային առանձնահատկությունները» (Երևան, 2004 թ.), «Արևմտահայերենի դասագիրք» (Երևան, 2006 թ.), «Արևմտահայերեն – արևելահայերեն նոր բառարան» (Երևան, 2011 թ.) աշխատությունների (արժանացել է Թեքեյան մշակութային միության ամենամյա մրցանակին):
Ռուբեն Սաքապետոյանը հմուտ մասնագետ էր, համահեղինակ՝ ՀՀ ավագ դպրոցի հայոց լեզվի դասագրքերի: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական մի շարք ատենախոսություններ:
Ռուբեն Սաքապետոյանը սիրված դասախոս էր, փայլուն հայագետ, հավատարիմ ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հայագիտության զարգացմամբ, հայության ճակատագրով և մեր պետականության ապագայով մտահոգված ազնիվ քաղաքացի:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում և իր վշտակցությունն է հայտնում Ռուբեն Սաքապետոյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին: