«Ես հրետանավոր եմ, կինս՝ հետախույզ։ Ամուսնական կյանքի սկզբնական շրջանում ծառայողական պարտականություններից ելնելով՝ ապրում էինք տարբեր քաղաքներում և ծառայում էինք տարբեր զորամասերում։ Զինվորականի՝ առանց այն էլ բարդ կյանքը կրկնակի դժվարացել էր։ Հիմա էլ տարբեր զորամասերում ենք ծառայում, բայց գոնե նույն տան մեջ ենք ապրում»,- ուրախ ժպիտով պատմում է մեր հերոսը՝ երիտասարդ կապիտան Նարեկ Ճաղարյանը, որ արդեն մեկ տարի նաև հետախույզ, ավագ լեյտենանտ Նաիրա Արշակյանի ամուսինն է։
Ինչպես ներկայացնում է Նարեկը, ընտանիքում ամուսինների՝ զինծառայող լինելու հանգամանքը ոչ մի բարդություն չի առաջացնում։ «Կինս ծառայության մեջ է հետախույզ, իսկ տան պատերից ներս նա հոգատար տանտիրուհի և կողակից է»,- կատակում է նա։ Նարեկը, առհասարակ, խրախուսում է կանանց ներկայությունը զորամասում, ինչը, նրա համոզմամբ, զսպվածություն է թելադրում զինծառայողներին։
Նարեկը ծնունդով Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղից է, 90-ականների պատերազմից ոչինչ չի հիշում, միայն տպավորվել են հարևանի ռմբակոծված տան մասին պատմությունները, որ շարունակաբար պատմում են համագյուղացիները։
Հիշում է, թե ինչու է դարձել հրետանավոր. դպրոցում լավ է սովորել, և հատկապես բնական գիտություններից ստացած գնահատականները ոգևորիչ են եղել։ «Զարմիկս, որը նույնպես զինվորական էր, խորհուրդ տվեց դառնալ հենց հրետանավոր, քանի որ զինվորական այս մասնագիտությունը հաշվարկների հետ է կապված։ Քեզ տալիս են կոորդինատներ, և դու ճիշտ հաշվարկների արդյունքում թիրախավորում ես նշանակետը և խոցում այն։ Մաթեմատիկա և ֆիզիկա սիրող և իմացողի համար ավելի լավ մասնագիտություն չկա»,-մասնագիտական գաղտնիքներով կիսվում է Նարեկը։
Երիտասարդ կապիտանը նշում է, որ հրետանավորի կյանքը թեև լի է դժվարություններով, բայց մշտական աշխատանք է, որը նաև ապահովում է ընտանիքի բարեկեցիկ ապրելակերպը։
Նարեկը սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրետանու ֆակուլտետը։ Չնայած մշտական վտանգներին՝ նա երբևէ չի զղջացել իր մասնագիտական ընտրության հարցում. «Երբեք չեմ փոշմանի, որ դարձել եմ հրետանավոր։ Բնականաբար, տեսնում եմ, որ կան ավելի հեշտ առօրյայով աշխատանքներ, բայց ինչ-որ մեկն էլ պետք է դառնար հրետանավոր չէ՞»։
Ճաղարյան Նարեկը Ապրիլյանի պատերազմի մասնակից է։ Հպարտորեն պատմում է, որ մարտական գործողությունների ժամանակ իրենց դիվիզիոնի կազմով խոցել են հակառակորդի բրիգադի հրամանատարական կետը։ Չնայած հայրենիքին մատուցած ծառայությանը` Նարեկը հայրենասիրության մասին լռում է. «Հայրենասիրությունը բնութագրելը պարզապես բառեր են։ Ամեն օրվա ամեն մի գործողություն՝ հայրենիքի ներսում արարելը, ստեղծելը, սովորելն ու սովորեցնելը նույնպես հայրենասիրություն է»։
Մեր հերոսի բնութագրմամբ՝ խաղաղ պայմաններում հրետանավորի աշխատանքը որևէ ռիսկ չի ենթադրում։ «Հրետանավորի գործը կատարյալ է, երբ հրաձգության արկը նշանակետին է հասնում։ Բայց ուսումնական գործողությունների կամ զորավարժությունների ժամանակ թիրախին հասած արկն էլ բավական է, որ հրետանավորը ոգևորվի։ Պատերազմը պարտադիր չէ»,-հումորախառն բացատրում է նա։
Զինվորական կյանքի մասին խոսելիս Նարեկն ասում է, որ հայրենիքին ծառայողը չի կարող թերանալ։ Յուրաքանչյուրը գիտակցում է, որ իրենից լավ ոչ մեկը իր գործը չի անի։ «Եթե դարձել ես զինվորական, պարտավորվել ես, որ քո առջև դրված խնդիրը պետք է պատվով կատարես»,- ավելացնում է նա։
Նարեկի սիրելի պատմական կերպարը Տիգրան Մեծն է։ Ասում է, որ միշտ հիացել է հայոց հզոր թագավորի հնարամտությամբ և մարտեր վարելու կազմակերպչական արվեստով։ Շատ հմտություններ կցանկանար կիրառել նաև այսօրվա բանակում։
Նարեկն այսօր ծառայում է Չարենցավանի ուսումնական զորամասում՝ զինծառայող ուսանողներ ունի, նաև մասնագետներ է պատրաստում։ Հանգստյան օրերին հիմնականում այցելում է ծնողներին՝ գնում է Վահան գյուղ, որտեղ համագյուղացիները միշտ սիրով են դիմավորում նրան՝ բանակից լավ լուրերի ու պատմությունների ակնկալիքով։
Նարեկի համար առանձնակի հաճելի է շաբաթ-կիրակին հողագործությամբ զբաղվել։ Ասում է՝ ուրիշ հաճույք է գործը հողի հետ, հող, որին ծառայում ես, որի պահապանն ես։
Հայրենյաց հողին ու ջրին ամուր թելերով կապված և նվիրումով հայրենիքին ծառայող այս հերոսը մարտական գործողությունների ժամանակ իր կյանքի համար չի մտահոգվում։ «Պատերազմի մեկնարկին դու կյանքիդ մասին մտածելու ժամանակ չես ունենում։ Միայն ընտանիքիդ ու հարազատներիդ մասին ես մտահոգ. վիշտ ապրողը նրանք են, իսկ մենք մեր պարտքն ենք կատարում»։
Կապիտան Նարեկ Ճաղարյանը վստահ է՝ հայոց բանակի, հայ զինվորի մարտական ոգին շատ բարձր է։ «Ցանկացած մարտական գործողության ժամանակ առաջ մղող ուժ կա, որը թույլ չի տալիս զինվորին ընկճվել։ Թշնամին մնում է թշնամի. եթե մենք չխփենք, մեզ են խփելու՝ յուրաքանչյուր զինվոր այս գիտակցումով պետք է առաջնորդվի»,- եզրափակում է Նարեկը։

Պատրաստեց Լալա Բադոյանը