Արթիկի քաղաքապետի տեղակալ Բորիս Ավագյանն իր ընտանեկան հավաքածուից Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել հայ նշանավոր նկարիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» (1910 թ.) կտավը։ Նվիրատուն այն ժառանգել է իր պապից՝ հայտնի գիտնական, ակադեմիկոս Բորիս Ավագյանից։

Հուլիսի 23-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում նվիրատվության արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և ԱԺ պատգամավորներ։

Արայիկ Հարությունյանն նշել է, որ արդեն մի քանի ամիս, համավարակի տարածման կանխարգելման և անվտանգության նկատառումներից ելնելով, փակ են մշակութային գանձարանների դռները, որոնցից է պատկերասրահը և խորհրդանշական է, որ բացվելուն պես՝ ազգային պատկերասրահի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու և վայելելու կերպարվեստի հրաշալի ստեղագործություններից մեկը: Նախարարը հույս է հայտնել, որ երբ առաջիկայում պատկերասրահի դռները բացվեն՝ կտավը շատ այցելուների կգրավի։

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Բորիս Ավագյանին և նրա ընտանիքի անդամներին նվիրաբերության համար. «Հարգելի պարոն Ավագյան, Բաշինջաղյանի այս գեղեցիկ ստեղծագործությունը կարող էին վայելել Ձեր ընտանիքի անդամները, շրջապատի մարդիկ, բայց Դուք այն նվիրում եք Հայաստանի ազգային պատկերասրահին, որ մեր քաղաքացիները, մշակութասեր հանրությունը կարողանա հաղորդակցվել արվեստի այս գործին»,- ասել է նախարար Ա. Հարությունյանը և հավելել, որ այս առաքինի քայլը միգուցե խթանիչ և լրացուցիչ զարկ կլինի մյուս նվիրատուների համար՝ փոխանցելու իրենց ունեցած արվեստի գործերը և վայելելու այն թանգարանի այցելուների հետ: