2021 թվականի սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Այս մասին ազդարարվել է այսօր` «STARMUS FESTIVAL 2021» ծրագրի մեկնարկին նվիրված առցանց միջոցառմանը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Starmus» փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, փառատոնի խորհրդի անդամներ` ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը, «Astronomy» ամսագրի գլխավոր խմբագիր Դէվիդ Այքերը, փառատոնի խորհրդական, շվեյցարացի աստղագետ, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ փառատոնի անցկացումը մեր երկրում, հատկապես կորոնավիրուսի համավարակից հետո շատ կարևոր է: «Հույս ունեմ, որ մեկ տարի հետո Երևանն ու Հայաստանը նորից լցված կլինեն հազարավոր հյուրերով` նպաստելով զբոսաշրջային ոլորտին: Իհարկե, «STARMUS»-ը նաև իր նպատակներն ունի` միավորել գիտությունը, կրթությունը, տեխնոլոգիաները և արվեստը»,-ասել է նախագահը` կարևորելով արհեստական բանականության կարևորությունն այդ ոլորտների զարգացման համար Նոբելյան մրցանակակիրների, այլ մեծ ճանաչում ունեցող գիտնականների՝ այդ թվում և սփյուռքահայ գիտնականների մասնակցությունը փառատոնին:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ փառատոնի անցկացումը Հայաստանում հնարավորություն է նոր զարկ տալու գիտության, արվեստի և տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը. «Հաշվի առնելով «STARMUS FESTIVAL 2021» փառատոնի կարևորությունը` նախատեսում ենք առանձնահատուկ և նշանավոր համաժողովների ու գիտաժողովների շարք, ինչպես նաև բազմաբնույթ, տպավորիչ և անմոռանալի միջոցառումներ, որոնք կմիավորեն գիտությունն ու արվեստը և հանրությանը նոր լույսով կներկայացնեն հոգևոր ու մտավոր արժեքները։ Միջոցառումն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի խթանել գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում և ստեղծել հեռանկար, որ արվեստը և գիտությունը դիտարկվեն ոչ թե որպես առանձին հասկացություններ կամ առավել ևս հակադրություններ, այլ առանձնահատուկ կերպով փոխկապակցված և միահյուսված միասնություն, քանզի ժամանակակից աշխարհում դժվար է պատկերացնել գիտությունն ու կրթությունը, հատկապես տեխնոլոգիական՝ առանց արվեստի բաղադրիչի: Կցանկանայի շնորհակալություն հայտնել «STARMUS UNIVERSE 2007 SL» կազմակերպությանը՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի, և մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց ավանդն ունեն այս գաղափարի մեկնարկի գործում»,- նշել է նախարարը` վստահություն հայտնելով, որ միջոցառումը համագործակցության նոր հնարավորություններ և հարթակներ կստեղծի արվեստի և գիտության միջազգային բնագավառներում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ փառատոնի թեմատիկ թիրախներից է գիտության և ռոք երաժշտության միավորման կարևորությունը, ինչը կարող է նպաստել, որ երիտասարդ սերնդի հետաքրքրությունը մեծանա գիտության հանդեպ: «Զբաղվել գիտությամբ նշանակում է լինել առաջադեմ, լինել առաջնորդ, լինել ավանգարդ և նորարար: Աշխարհն առաջ տանող ուժերը նորարարական ուժերն են. այս ոլորտում տեղի է ունեցել կտրուկ շրջադարձ դեպի տեխնոլոգիական, հատկապես գիտատեխնոլոգիական ուղղություններ»,- նշել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող փառատոնի կազմակերպիչը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է` Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ: Օրերս նախարարության և «STARMUS UNIVERSE 2007 SL» կազմակերպության միջև ստորագրվել է համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր: ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել պետական բյուջեում և ԿԳՄՍՆ տնտեսումների հաշվին «STARMUS» փառատոնի կազմակերպման նպատակով հատկացվել 440 միլիոն դրամ, որը Հայաստանում «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ընդհանուր ծախսերի մի մասն է կազմում:

Տեղեկացնենք նաև, որ «STARMUS» փառատոնը սկիզբ է առել Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում և 2011 թվականից համախմբում է գիտության ոլորտի միջազգային հեղինակությունների՝ Նոբելյան դափնեկիրների, արվեստի և երաժշտության համաշխարհային հանրահայտ դեմքերի: Հայաստանում «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի համար ակնկալվում է մի ծրագիր, որին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր ինչպես գիտության և արվեստի ներկայացուցիչների, այնպես և լայն հանրության ընդգրկմամբ՝ բարձրացնելով Հայաստանի գրավչությունը հազարավոր զբուսաշրջիկների համար և ամրապնդելով Հայաստանի դիրքը գիտության և արվեստի համաշխարհային քարտեզի վրա: