Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանն աշնանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին։ ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հեռավար խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրների առաջին խաղերի նախապատրաստական աշխատանքների և անցկացման վերաբերյալ հարցեր։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին, ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությունն ինչպես սպորտի, այնպես էլ կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում, ողջունում է խաղերի անցկացումը, սակայն, մեր երկրում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, հայ մարզիկները չեն կարող մասնակցել սեպտեմբերի 4-10-ը Կազանում կայանալիք խաղերին։
«Մենք մեծ ոգևորությամբ աջակցել ենք ԱՊՀ երկրների առաջին խաղերի անցկացման գաղափարին և նախապատրաստվել ենք դրան, սակայն COVID-19-ը չի շրջանցել Հայաստանը, և մեր երկրում ստեղծված համավարակային իրավիճակը թույլ չի տալիս մասնակցել միջոցառմանը։ Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, ավիացիոն հաղորդակցությունը սահմանափակվում է արտերկրում գտնվող մեր հայրենակիցների վերադարձի կազմակերպմամբ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Հայաստանը չի կարող մասնակցել ԱՊՀ երկրների առաջին խաղերին, բայց ես համոզված եմ՝ բոլորս միասին հաղթելու ենք կորոնավիրուսի դեմ պայքարը։ Ամեն ինչ անցնում է, սա էլ կանցնի, և մենք կկարողանանք շարունակել համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ վստահություն հայտնելով, որ ԱՊՀ երկրների համագործակցությունը շարունակելու է ամրապնդել անդամ երկրների ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերությունները։
Հավելենք, որ քննարկվում է ԱՊՀ երկրների առաջին խաղերի բացման արարողությանը հայկական պատվիրակության մասնակցության հնարավորությունը։