ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի արտադրած` կորոնավիրուսի ՊՇՌ թեստերը կօգտագործվեն պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։

Գործընթացը, ընդհանուր առմամբ, տևել է մոտ մեկ ամիս նյութերի վերջին խմբաքանակի ստանալուց հետո, աշխատանքներում ներգրավված է եղել ինստիտուտի երեք լաբորատորիաների շուրջ 20 հոգանոց թիմը։ Թեստերի մշակման համար անհրաժեշտ պարագաներն ու նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար կառավարությունը մինչև այժմ հատկացրել է 250.000 դոլար։ Ծրագրին նաև աջակցել է ՀՀ ԳԱԱ-ն։

«Հայաստանի համար բացառիկ այս հաջողությունը, թերևս ընդունված պրակտիկա է աշխարհի շատ երկրներում»,-այսպես է այս ձեռքբերումը գնահատել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, թիմի աշխատանքները ղեկավարող կ․գ․թ․ Արսեն Առաքելյանը։

Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել արտերկրի և Հայաստանի բոլոր այն հաստատություններին ու գործընկերներին, որոնց աջակցությամբ հնարավոր է եղել հասնել արդյունքի։

«Սա վառ օրինակ է, թե ինչ արդյունքի կարելի է հասնել գիտություն-կառավարություն համագործակցության արդյունքում։ Գիտությանն ընդամենը հարկավոր են հնարավորություններ լիարժեք դրսևորվելու համար։ Այս պահին Հայաստանին անհրաժեշտ է ներդրումների միջոցով հզորացնել գիտահետազոտական ենթակառուցվածքները, և նման հաջողությունների պակաս չի լինի»,- եզրափակել է Ա. Առաքելյանը: