Բուժաշխատողի օրվա առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը հանդես են եկել գեղեցիկ համերգով՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքարող բուժաշխատողներին:
ԿԵԱԿ երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը, հունիսի 21-ին ելույթ են ունեցել փոքր կազմերով։ Երախտիքի համերգի անցկացման գաղափարը ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանինն էր։ Այս քայլով կենտրոնն իր շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության անձնակազմերին, տեխնիկներին, դեղատների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մեր առավել խոցելի բնակչության համար:
Համերգը տեղի է ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատշգամբում, որտեղ տեղադրվել էր հատուկ լուսավորություն, պահպանվել էին անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։
Համերգին երաժշտախմբերը կատարել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երեկոն ուղեկցվել է երախտիքի խոսքերով, ինչպես նաև կյանքեր փրկող բժիշկների տեսանյութերով։
Հաշվի առնելով համերգի հետ կապված ջերմ արձագանքներն ու հաջողությունը՝ ԿԵԱԿ-ը խոստանում է գեղեցիկ ավանդույթ դարձնել բացօթյա համերգների կազմակերպումը։

Համերգի հղումը՝ https://www.facebook.com/NCCMArmenia/videos/622720051675873/UzpfSTEwMDAwNjM5NzY1NTUwNDoyNzUyMDQ5NDQ1MDE4Mjg0/