ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 19-ին, 68 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Ռշտունին:

Սուրեն Ռշտունին ծնվել է 1951թ. հուլիսի 29-ին Երևանում: 1969 թ. ավարտել է Երևանի Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը: 1969 թ.-ից աշխատել է Հայաստանի Հեռուստառադիոպետկոմում` որպես ռեժիսորի օգնական, 1971թ-ից` ռեժիսորի ասիստենտ, 1976թ-ից` ռեժիսոր: Որպես ռեժիսոր հեղինակել է մի շարք գրական, գեղարվեստական, սպորտային հաղորդումներ և անգլերեն լեզվի բեմադրություններ:

1986-89 թթ հեռակա սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժնում: 1995թ. ֆրանսիական կառավարության հովանավորությամբ գործուղվել է Փարիզ, որտեղ «Sirnea» կենտրոնում անցել է ռեժիսորական բարձրագույն կուրսեր: Ստանալով ռեժիսորի բարձր որակավորում` վերադարձել է Երևան և շարունակել աշխատանքը Հայաստանի ազգային հեռուստատեսությունում` որպես գլխավոր ռեժիսոր:

1991-2004 թթ. եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ամանորի ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսորը: Մի շարք տեսաֆիլմերի հեղինակ և ռեժիսոր է` «Սիրված երգեր» (1997 թ.), «Գարնանային պատմություններ» (1998 թ.), «Մենք ենք, մեր հայերը» (1998 թ.), «Ձմեռային գիշերվա հեքիաթը» (1999 թ.), «Սիրո աստղ» (2004 թ.), «Բաղնիքի ճակատագիրը կամ հեգնանքդ անուշ» (2010 թ.) և այլն:

10 տարի անընդմեջ եթեր է հեռարձակել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որն արժանացել է պետական մրցանակի: 4 տարի շարունակ ուղիղ եթեր է հեռարձակել «Կեսգիշերային ճեպընթաց» և «Շաբաթ երեկո» հաղորդաշարերը: 2006 թ. եղել է «Հեռուստառադիոյի 50/80 ամյակ» համերգային նախագծի հեղինակն ու ռեժիսորը, 2007 թ.` «4-րդ համահայկական խաղերի» կազմակերպիչն ու ռեժիսորը, 2008-09 թթ` Հանրային հեռուստատեսության «Շաբաթ երեկո» հաղորդաշարի գլխավոր ռեժիսորը, 2007-10թթ` «2 աստղ» ժամանցային ծրագրի բեմադրող ռեժիսորը, 2008 թ.` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի 85-ամյակի հանդիսավոր միջոցառման գլխավոր ռեժիսորը, 2010թ.` «Սիրված երգեր` Մհեր և Սոնա Շահգելդյան» համերգի բեմադող ռեժիսորը և Ստեփանակերտի մարզադաշտում կազմակերպված Արցախի և բանակի տարեդարձին նվիրված հանդիսության գլխավոր ռեժիսորը: 2010թ-ից եթեր է հեռարձակել «Աշոտ Ղազարյանը հրավիրում է» ժամանցային հաղորդաշարը:

2007 թ.-ից դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, եղել է Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա կուրսի ղեկավարը: 2013 թ. «4-րդ համահայկական խաղերի» կազմակերպման համար ՀՀ նախագահից ստացել է պատվոգիր-շնորհակալագիր: 2006թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

Սուրեն Ռշտունին բացառիկ մտավորական էր, մշակույթի նվիրյալ, ուներ առանձնահատուկ ձեռագիր և անջնջելի հետք է թողել հայ հեռուստատեսության ոլորտում: Սուրեն Ռշտունու պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների սրտերում: