ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունները հանդես են գալիս առցանց համերգներով. այդպիսով, երաժշտախմբերը բոլորի անունից երախտագիտություն են հայտնում այս օրերին բազմաթիվ կյանքերի համար պայքարող բուժաշխատողներին: Համերգների ընթացքում պահպանվում են պարետի ցուցումներին համապատասխան անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կազմից 10 երգիչ մաեստրո Հ. Չեքիջյանի ղեկավարությամբ՝ հունիսի 17-ին, Գառնիի տաճարում կատարել են Մ. Եկմալյանի «Ո՛վ, հայոց աշխարհ» ստեղծագործությունը և հատվածներ Կոմիտասի երգաշարից։ Համերգը հեռարձակվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ֆեյսբուքյան էջով, այն կտեղադրվի նաև երգչախմբի պաշտոնական կայքէջում: Համերգի տևողությունը՝ 20 րոպե:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առցանց համերգի ընթացքում հնչել են արիաներ և զուգերգեր Պուչինիի օպերաներից: Համերգին մասնակցել են թատրոնի 11 մեներգիչ և 2 դաշնակահար: Հեռարձակումը տեղի է ունեցել Օպերային թատրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ հունիսի 18-ին, ժամը 20։00-ին: Համերգը նկարահանվել է թատրոնի դահլիճում: Նկարահանման ընթացքում բեմում միաժամանակ գտնվել են առավելագույնը 7 անձ: Համերգի տևողությունը՝ 60 րոպե:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր ‹‹Ուրբաթօրյա ֆիլհարմոնիկ›› համերգաշարի գալիք համերգը կնվիրի բուժաշխատողներին: Հունիսի 19-ին, ժամը 20:00-ին համերգը կհեռարձակվի ՀԱՖՆ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջով: ՀԱՖՆ-ի երաժիշտները Արամ Խաչատրյան համերգասրահում կկատարեն Անտոնիո Վիվալդիի Սոլ մինոր կոնցերտը (RV 105) և Յոհան Սեբաստիան Բախի Տրիո սոնատը (BWV 1039)՝ 6 և 4 երաժիշտներից բաղկացած անսամբլներով: Համերգի տևողությունը՝ 30 րոպե:

Հայաստանի պետական Ջազ նվագախմբի կազմից 6 երաժիշտ՝ մաեստրո Արմեն Հյուսնունցի մասնակցությամբ հունիսի 21-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում կկատարեն հայ հեղինակների հայտնի մեղեդիների մշակումներ: Երաժիշտները ելույթ են ունենալու սոցիալական հեռավորությունը պահպանելով։ Համերգը կհեռարձակվի Հայաստանի պետական Ջազ նվագախմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջով, այնուհետև, կտեղադրվի նվագախմբի պաշտոնական կայքէջում: Համերգի տևողությունը՝ 25-30 րոպե:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 21-ին կներկայացնի առցանց համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան։ «Շնորհակալություն մեր հերոս բուժաշխատողներին» խորագրով առցանց համերգն անցկացվելու է բացօթյա՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատշգամբում: Համերգին փոքր՝ 10 հոգանոց կազմերով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը։ Համերգին կներկայացվեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Այն կհեռարձակվի հունիսի 21-ին, ժամը 21։00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջով։ Համերգի տևողոթյունը՝ 80 րոպե:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիս ամսվա ընթացքում 2 առցանց համերգ կնվիրի բուժաշխատողներին: Համերգները կհեռարձակվեն նվագախմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջով: Համերգին կներկայացվեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։