ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսհաստատություններում մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով կվերադարձվի։

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Ցանկը հաստատելու նպատակով նախագիծը շրջանառվել և քննարկվել է մյուս գերատեսչությունների հետ, սահմանվել է մասնագիտությունների արդյունավետ ցանկ։

Ինչպես տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, էկոնոմիկայի նախարարությունից առաջարկ է ստացվել ցանկը համալրել ագրոբիզնես և ֆինանսներ, ագրոպարենային համակարգի էկոնոմիկա, պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտություններով։ Մինչև ստորագրվելը կքննարկվի նաև ցանկը այս մասնագիտություններով համալրելու հարցը։