Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 21-ին` Բուժաշխատողի օրը, կներկայացնի առցանց համերգ: Կհնչեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ ԿԵԱԿ բոլոր երաժշտախմբերը՝ փոքր կազմերով, երաժշտության լեզվով և բոլորի անունից երախտագիտություն կհայտնեն այս օրերին բազում կյանքերի համար պայքարող բուժաշխատողներին: Համերգի ընթացքում կպահպանվեն անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։ Այն կանցկացվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատշգամբում, որտեղ կտեղադրվի հատուկ լուսավորություն։ Համերգը հնարավոր կլինի դիտել հունիսի 21-ին՚ ժամը 21։00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջերում։

ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանն առանձնահատուկ շեշտում է՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում փորձում են այլ կերպ օգտագործել կենտրոնի տարածքները։ Նախկինում այդ տարածքը բազմիցս ցանկացել են օգտագործել, սակայն, այն քիչ թվով հանդիսատես է տեղավորում, իսկ այս պարագայում հնարավորություն է ստեղծվել համերգ անցկացնել առանց հանդիսատեսի ֆիզիկական ներկայության։

«Հատկանշական այդ օրը հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը։ Այս քայլով մենք մեր շնորհակալություն ենք հայտնում բոլոր բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության անձնակազմերին, տեխնիկներին, դեղատների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մեր առավել խոցելի բնակչության համար: Շնորհակալություն նրանց բոլորին ամենօրյա զոհողությունների, նվիրվածության ու քաջության համար: Շնորհակալություն՝ փրկված կյանքների համար»,-նշում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը, ում նախաձեռնությամբ էլ իրականություն կդառնա այս համերգը։