Այսօր՝ հունիսի 6-ին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, տեղի է ունեցել առցանց մամուլի ասուլիս՝ նվիրված Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի մեկնարկին։

Տեղեկացնենք‚ որ խաչատրյանական մրցույթն այս տարի անցկացվելու է առցանց ձևաչափով՝ առաջին անգամ օգտագործելով արհեստական բանականության մի շարք հնարավորություններ։

Ողջունելով մրցույթի կազմակերպիչներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ թեև ցավալիորեն այս օրերին մշակույթը կորուստներ է կրում, բայց սա նոր հնարավորություն է՝ օգտագործելու ժամանակակից տեխնոլոգիաները՝ նոր շունչ հաղորդելով նաև արհեստական բանականությանը։ Նախարարը հաջողություն է մաղթել աշխարհի տարբեր ծայրերի մրցույթի բոլոր մասնակիցներին և հավելել. «Սա ոչ միայն Հայաստանի, այլև շատ երկրների մշակութային կյանքում կարևոր իրադարձություն է։ Արամ Խաչատրյանը մեր մշակույթի խորհրդանիշներից է, այդ իսկ պատճառով մեծ կարևորություն ենք տալիս այս մրցույթին։ 2020 թվականի այս մրցույթը կլինի յուրօրինակ և առավել հիշարժան»։

Արմեն Սմբատյանը ևս շնորհավորել է երաժշտասեր հասարակությանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ այս օրերին ՀՀ կառավարությունը հավատացել և աջակցել է մրցույթի կայացման նմանօրինակ ձևաչափին։ «Սա նորություն էր մեր իրականության համար, և մենք նոր էջ ենք բացում Խաչատրյանի անվան մրցույթի կյանքում։ Հաջողություն եմ մաղթում մասնակիցներին»,- եզրափակել է նա։

Հավելենք, որ մինչ ասուլիսի մեկնարկը, Կոմիտասի անվան պանթեոնում ասուլիսի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել մեծ հայորդու՝ Արամ Խաչատրյանի շիրիմին։