Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը: Այն կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։ Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և համավարակի հետևանքով ամբողջ աշխարհում տեղաշարժի սահմանափակումները՝ կազմակերպիչները որոշում են կայացրել մրցույթն անցկացնել առցանց ձևաչափով։ Մրցույթի ամբողջ ընթացքը՝ բացման և փակման համերգները‚ մրցութային փուլերը‚ կհեռարձակվեն Խաչատրյանի անվան մրցույթի պաշտոնական կայքով՝ https://bit.ly/2zYUgCg ։
Կազմակերպիչները հետաքրքիր լուծումներ են տվել. ստուգատեսի ամբողջ ընթացքում կկիրառվեն տեխնոլոգիական մի շարք նորարարություններ։ Մասնավորապես‚ պատրաստվել է մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը. մանրամասն ներկայացվում է այն քայլերը, որոնք երաժիշտները պետք է կատարեն մրցույթի հեռավար մասնակցության ընթացքում։ Ուղեցույցը App Store և Google Play հարթակներում հասանելի կլինի հունիսի 1-ից։
Միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են՝ Շանհայի կոնսերվատորիայի պրոֆեսոր‚ Շանհայի Իսահակ Ստեռնի միջազգային ջութակի մրցույթի համանախագահ‚ Հարբինի ջութակի միջազգային մրցույթի նախագահ Վերա Ցու Վեիլինգը (Չինաստան), «Ալ Բուստան» փառատոնի գեղարվեստական ղեկավար‚ Մինսկի «Բոլշոյ» օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավիրյալ գլխավոր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա), PARMA Recordings ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բոբ Լորդը (ԱՄՆ), Մադրիդի Ռինա Սոֆիայի երաժշտական և Կատարինա Գուրսկա բարձրագույն երաժշտական դպրոցների պրոֆեսոր‚ Լուի Շպորի ջութակի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ Զոհրաբ Թադևոսյանը (Իսպանիա), Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի և Թել Ավիվի Բուխման-Մեհթա երաժշտական դպրոցի պրոֆեսոր Դորա Շվարցբերգը (Իսրայել-ԱՄՆ), Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար‚ Սանտանդերի երաժշտության և ակադեմիայի ժողովի գեղարվեստական ղեկավար Պիտեր Չսաբան (Ֆրանսիա-Ռումինիա)։
Խաչատրյանի անվան միջազգային առցանց մրցույթին կմասնակցեն 16-32 տարեկան երաժիշտներ: Մրցութային ծրագրում ընդգրկված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։