ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, կինոպրոդյուսեր, մշակույթի գործիչ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի ազգային կինոակադեմիայի անդամ Մարտուն Փայլակի Ադոյանը:
Նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Մարտուն Ադոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին ու բարեկամներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
Մարտուն Ադոյանը ծնվել է Աշտարակի տարածաշրջանի Ուջան գյուղում: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: Աշխատանքային գործունեության ընթացքում 1986-1991 թթ. եղել է ՀՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի վերահսկողության և վերստուգման բաժնի պետ, Հանրապետության կինովիդեո միավորման գլխավոր տնօրենի տեղակալ: 1991 թվականից զբաղեցրել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենի պաշտոնը:
Մշակույթի ոլորտում ծավալած նրա գործունեությունը հիմնականում վերաբերում է կինոարտադրությանը: Նա եղել է բազմաթիվ ֆիլմերի և հեռուստաֆիլմերի գլխավոր պրոդյուսեր:
Անգնահատելի է Մարտուն Ադոյանի ավանդը Հայաստանում կինոարդյունաբերության, կինոմիջավայրի ու կինոմշակույթի պահպանման ու զարգացման գործում:
Դեռևս 90-ականերից սկսած՝ անկախ Հայաստանում, նա դարձավ նախաձեռնող գործարար ֆիլմերի տարածման և ֆիլմարտադրության ոլորտում: Բազմաթիվ միջազգային համագործակցային կապերի շնորհիվ նա Հայաստանում ապահովել է համաշխարհային վարձույթում առկա լավագույն ֆիլմերի տարածումը և հայ կինոսիրող հանդիսատեսը հնարավորություն է ունեցել իր համար բացահայտել արտերկրի կինոարվեստը՝ մեծ էկրանին:
Մարտուն Ադոյանը միջազգային համարտադրությամբ իրականացրել է բազմաթիվ ֆիլմեր, ինչպես նաև լինելով կայացած գործարար՝ նա կանգնած է եղել հայ կինոարտադրողի կողքին ֆիլմարտադրության ցանկացած փուլում՝ սատարելով ֆիլմարտադրությանը և հայկական կինոարտադրանքի տարածումը:
Հայաստանի համար ծանրագույն օրերին անգամ նա չի թողել կինոյի առաջնագիծը. Մարտուն Ադոյանի բացառիկ ջանքերով վերապրել են Երևանի «Մոսկվա», Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնները: Նրա ջանքերով էր նաև, որ կայացել ու զարգացել են հայկական կինոփառատոները, այդ թվում՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ամենածանր պայմաններում անգամ ապավինելով «Մոսկվա» կինոթատրոնի մեծ աջակցությանը:
Մարտուն Ադոյանը 2007 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, 2014 թվականին՝ ՀՀ նախագահի պետական մրցանակի, 2015 թվականին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման, 2016 թվականին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: