Պարարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա կապակցությամբ:
Գրեթե չորս տասնամյակ է, ինչ համաշխարհային մշակութասեր հանրությունը տոնում է Պարի միջազգային օրը: Այս տոնը միավորում է մարդկանց, կամրջում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մշակույթները, թույլ է տալիս խոսել նույն՝ պարի լեզվով:
Պարը գեղեցկություն է, որը բնորոշում է ոչ միայն մարդուն, այլև ամբողջ ժողովրդին՝ խորհրդանշելով նրա դարավոր պատմությունը: Ասում են, որ ամեն ժողովուրդ իր պարով բնութագրում է իրեն:
Պարը եղել և մնում է հայ ժողովրդի աշխարհայացքի և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտացոլում է պատմության հոլովույթներում ձևավորված մշակութային առանձնահատկությունները, հայոց ոգու ու շարժարվեստի միաձուլումը, աշխարհի ու կյանքի հանդեպ ունեցած մարդու վերաբերմունքը:
Մարտական Քոչարի, Քերծի, Յարխուշտա… շղթան շարունակող բազմաթիվ պարեր հայ ժողովրդի ռազմական պատմության գեղարվեստական վկաներն են, որոնք արտացոլում են ժողովրդի խմբային միասնականության խորհուրդը: Դրա վկայությունն է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցված և ազգային ու համաշխարհային մշակույթի գանձարանին պատկանող «Քոչարի ավանդական խմբապարը»։
Պարարվեստի մեծարգո՛ գործիչներ, շնորհակալ ենք ձեզ նվիրյալ աշխատանքի՝ հայ պարարվեստը պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու տարիների տքնաջան գործունեության համար: Պարի միջոցով դուք կենդանացնում եք դարերի խորհուրդը, որը փոխանցում եք դարձյալ դարերին ու սերունդներին։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, մաղթում հաջողություն, պարարվեստը գնահատող լեփ-լեցուն դահլիճներ և արժանի գնահատանք: