Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Կրթության քաղաքականության և պրակտիկայի միջկառավարական կոմիտեի (CDPPE) «Կորոնավիրուսը որպես կրթական մարտահրավեր» խորագրով առցանց հատուկ նիստին` ավելի քան 30 երկրների ներկայացուցիչների թվում, ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Արձանագրվել է, որ COVID-19-ի հետևանքով փակվել են Եվրոպական մշակութային կոնվենցիայի գրեթե բոլոր անդամ պետությունների ուսումնական հաստատությունները, և առցանց նիստը հնարավորություն է՝ ներկայացնել պետությունների, քաղաքականություն մշակողների և միջազգային հասարակական կազմակերպությունների հաջողված փորձը, մտահոգությունները, առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել իրավիճակը կարգավորելու, սովորողների կրթության իրավունքն ապահովելու, ուսումնական և գնահատման գործընթացները կազմակերպելու տեսլականները, բնականոն գործունեությանը վերադառնալու և ուսումնական գործընթացը վերսկսելու հարցը։

Մասնակիցների զեկույցներում և դիտարկումներում թիրախավորվել են հետևյալ դրույթները.

  • արագ անցում առցանց և հեռավար ուսուցման,
  • կապի և անհրաժեշտ միջոցների հասանելիության ապահովում,
  • դասավանդողների համար անհրաժեշտ վերապատրաստման դասընթացների կազմակերպում,
  • գիտելիքի գնահատման և քննական գործընթացների իրականացում,
  • սովորողների խոցելի խմբերի համար ուսումնական գործընթացի ապահովում,
  • առցանց և հեռավար ուսուցման որակի ապահովում,
  • ուսումնական հաստատությունների վերաբացման հետ առնչվող հիմնախնդիրներ։

Արձանագրելով, որ Հայաստանը բախվում է նույն խնդիրներին, ինչ ԵԽ անդամ մյուս երկրները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նշել է, որ մարտի 16-ից Հայաստանը անցել է հեռավար ուսուցման` ավելի քան 80 տոկոս մասնակցությամբ։ Կազմակերպվել և իրականացվում են մի շարք գործընթացներ ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին և ծնողներին օժանդակելու և ուսման որակն ապահովելու համար։ Քայլեր են ձեռնարկվում առցանց, հեռավար ուսուցման միջոցների և ծրագրերի կիրառման դյուրացման, մատչելիության և հասանելիության ուղղությամբ։

Սովորողների և, մասնավորապես, խոցելի խմբերի սովորողների կրթական իրավունքը ապահովելու նպատակով նախարարությունը համագործակցում է միջազգային և հասարակական կազմակերպությունների, հեռուստաընկերությունների, մասնավոր հատվածի, այդ թվում, մասնավորապես, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերությունների հետ` համացանցի հասանելիության ապահովման, համակարգիչներ և այլ սարքեր տրամադրելու նպատակով։ Նրա խոսքերով, հատուկ ուշադրության ներքո է ծրագրերի արդյունավետության վերահսկումն ու մշտադիտարկումը:

Նախարարի տեղակալը նաև փոխանցել է, որ որոշ առարկաների ուսուցումն իրականացվում է նաև հեռուստատեսությամբ՝ համագործակցելով հեռուստաալիքների հետ ստեղծվում են հեռուստահաղորդումներ և տեսահոլովակներ:

Նիստի ընթացքում նշվել է նաև, որ պետությունները ստեղծում կամ զարգացնում են արդեն իսկ ստեղծված ազգային առցանց հարթակները, որտեղ տեղադրվում են ուսումնական նյութեր, կազմակերպվում են դասընթացներ, վերապատրաստումներ և քննարկումներ ուսուցիչների և աշակերտների համար:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև https://www.coe.int/en/web/education/covid-19 կայքէջը, որտեղ զետեղված են իրականացվող քննարկումների և գործընթացների մասին տեղեկատվական նյութերը։