Հարգելի՛ կինոգործիչներ,
Կինեմատոգրաֆիան ժամանակի և տարածության արվեստ է, բայցև տարածությունն ու ժամանակը հաղթահարող: Յուրաքանչյուր ֆիլմ իրական կյանքին զուգահեռ իրականություն է: Հաճախ դժվար է տարբերել իրականությունը կինոյից, և մենք բոլորս այդ երևակայածին իրողության կրողն ենք:
Խոսելով հայ կինոյի մասին՝ պետք է առանձնացնել մեր բացառիկ կինոժառանգությունը, որը ստեղծվել է խորհրդային տարիներին: Անկախության, անցումային տարիների ընթացքում հայ կինոն հաղթահարել է բազում փորձություններ և այսօր ձևավորում է իր նոր դիմագիծը:
Կինոն, արվեստ լինելուց զատ, նաև քաղաքականություն է, միջազգային ճանաչելիության ստույգ և փորձված միջոց: Եվ անգնահատելի է ոլորտի ներկայացուցիչների ջանքերն ու նախաձեռնողականությունը: Դժվարին այս օրերին առավել քան կարևոր է կինոգործիչների տոկունությունը, կամքը և համբերությունը:
Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում նոր ներշնչումներ և հղացումներ: