Երկարատև հիվանդությունից հետո մահացել է երգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը:
Գայանե Գրիգորյան (սոպրանո) ծնվել է 1960 թ. նոյեմբերի 29-ին։ 1984 թ. ընդունվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժին։ Սովորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի դասարանում։ Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ Իտալիայի Միլան քաղաքում Վիոտտիի անվան միջազգային մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման (1-ին մրցանակ)։ Երկար տարիներ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, հետագայում հանդես է եկել որպես մեներգչուհի։ 1994 թ. Վազգեն Վեհափառի մահվան քառասունքին պատարագ է երգել Միլանում։
90-ական թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, կատարելով մի շարք գլխավոր դերեր։ Մեծ է նրա կամերային երգացանկը։ Համերգներով հանդես է եկել Եվրոպական մի շարք երկրներում։ Աշխատել է հայտնի դիրիժորների հետ՝ Օհան Դուրյան, Յուրի Դավթյան, Լորիս Ճգնավորյան, Զավեն Վարդանյան և այլն: