Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար ԿԳՄՍՆ-ն շարունակում և ընդլայնում է ծրագրերը:

Մարտի 29-ից Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում /հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960 / գործում է հատուկ կետ, որտեղ ընդունվում են համակարգիչներ և այլ սարքավորումներ: Արդեն հավաքագրվել է մոտ 600 սարքավորում, որոնց զգալի մասը ամբողջությամբ նոր է: Դրանք տրամադրել ենք մարզերին:

Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է ամեն օր հեռարձակել Հանրային դասեր առավոտյան 8:30-ից և Բաց դասեր ավագ դասարանների աշակերտների համար ժամը 11:30-12:40-ը։ Առաջին ալիքի հաջորդ օրվա դասացուցակն ամեն օր մինչև ժամը 22։00-ը տեղադրվում է ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում նկարահանվող տեսադասերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը տեղադրվում է ՖԲ էջում և հասանելի է ամեն օր առավոտյան ժամը 08։00-ից յութուբյան ալիքում։

«Զանգեզուր» /Կապան/, «Քյավառ» /Գավառ/, «Ալտ» /Արմավիր/, «Լոռի» /Վանաձոր/, «Ցայգ» /Գյումրի/, «Անկյուն+3» /Ալավերդի/ հեռուստաընկերությունները և «Մշակութային ալիք» կայքէջը, արձագանքելով ԿԳՄՍՆ առաջարկին, նույնպես հեռարձակում են տեսադասերը՝ ապահովելով դրանց հասանելիությունը ՀՀ մարզերի և համայնքների դպրոցականների շրջանում:

ԿՏԱԿ-ը դպրոցական բոլոր առարկաների ուսուցիչների համար մարտի 20-ից սկսած կազմակերպել է հեռավար արագացված դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Դասընթացին մասնակցության հայտ է ուղարկել շուրջ 4000 ուսուցիչ։ «Հեռավար ուսուցում» դասընթաց է իրականացվել չորս խմբում ընդգրկված տարբեր առարկաներ դասավանդող ավելի քան 400 մասնագետի համար, որոնցից շուրջ 90-ն Արցախի Հանրապետության դպրոցների ուսուցիչներ են։

Մարտի 16-ից ԿՏԱԿ-ը, որպես Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի աջակցող գործընկեր գործակալություն, հանդես է եկել նախաձեռնությամբ, որով Եվրոպական դպրոցների Իթվինինգ հարթակում ծրագրի դեսպաններն ստեղծել են հանրակրթական դպրոցների առարկայական ծրագրերին համապատասխան ուսումնական նախագծեր։ Մինչ օրս ստեղծվել և հաստատվել է 51 նախագիծ, որոնցից 47–ը առարկայական են, 4ը՝ թեմատիկ։ Այս ուսումնական նախագծերին մասնակցում են 324 ուսուցիչներ և 3600-ից ավելի աշակերտներ։ Նախագծերի շրջանակներում մի քանի դպրոցների ուսուցիչներ համատեղ հեռավար դասընթացներ են անցկացնում կամ միավորում մի քանի գյուղական համայնքների դպրոցների աշակերտների՝ նույն առարկայի դասընթացի շուրջ։
Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա այն հաջող փուլերից է, որին կարող է հաջորդել հեռավար ուսուցման հաջորդ փուլը՝ արդեն ոչ արտակարգ իրավիճակի պայմաններում հանրակրթական դպրոցում ներդնելու և կրթական ոլորտը բարելավելու նպատակով:

Ծնողների, աշակերտների և ուսուցիչների համար ԿԳՄՍՆ-ն մշակել է ուղեցույցներ, թե ինչպես այս շրջանում աշակերտներն արդյունավետ անցկացնեն ժամանակը և չկտրվեն ուսումնական գործընթացից, և թե այդ գործում նրանց ինչպես կարող են աջակցել ծնողներն ու մանկավարժները։ Ուղեցույց է պատրաստվել նաև ուսուցիչների համար, որում մանրամասն բացատրվում է էլեկտրոնային մատյանները լրացնելու եղանակները։ Աշակերտների, ուսուցիչների ու ծնողների համար նախատեսված ուղեցույցները տեքստային են, նաև՝ պոստերի ու տեսաշարի եղանակով։