Ելնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտը, քաղաքացիների մշակութային կյանքի իրացումը և ժամանցի ապահովումը կիրականացնի հեռավար ձևաչափով՝ առցանց տիրույթում: Այս և հարակից այլ թեմաների վերաբերյալ այսօր տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, մշակույթի ոլորտը համակարգող նախարարի տեղակալներ Արայիկ Խզմալյանի և Նարինե Խաչատուրյանի մամուլի ասուլիսը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, գրադարանները, համերգային և թատերական կազմակերպություններն իրենց ֆեյսբուքյան էջով, կայքով, Հանրային հեռուստաընկերությամբ իրականացնում են տարբեր ծրագրեր, որոնց նպատակն արտաքին աշխարհի հետ շփումը ժամանակավորապես դադարեցրած անձանց ինտելեկտուալ ժամանցի կազմակերպումն է:

Նախարար Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին, տնօրեններին և աշակերտներին այս օրերին իրականացվող գործընթացներին ակտիվ ներգրավվածության համար: «Այս գործողություններով մենք հերթական անգամ փաստում ենք, որ կրթության, մշակույթի, արվեստի նկատմամբ մեր հանրության շրջանում լավ որակի ու բովանդակության մեծ պահանջ կա: Սա իրոք հնարավորություն է, որը պետք է օգտագործել և ստեղծել վիրտուալ որակյալ բովանդակություն ոչ միայն մեր հանդիսատեսի, այլև արտաքին աշխարհի համար»,- ասել է նախարարը:

Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը տեղեկացրել է, որ թանգարաններն ու գրադարաններն ակտիվորեն միացել են վիրտուալ աշխարհին և ներկայացնում են բավականին հետաքրքիր ծրագրեր, որոնցից կարող են օգտվել թե՛ հայաստանաբնակ, թե՛ արտերկրում ապրող մեր հայրենակիցները:
Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն էլ նշել է, որ իրականացվող մշակութային ծրագրերը մեկ անգամ ևս կբարձրացնեն մշակութային հաստատությունների գրավչությունն ու ճանաչելիությունը՝ զուգահեռ ներկայացնելով առաջիկա ծրագրերի բովանդակությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետ իրականացվում է՝
«Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը: Այն իրենից ենթադրում է սոցիալական ցանցերում մի շարք կրթամշակութային ծրագրերի կազմակերպում և իրականացում՝ հրավերներն ուղղելով հնարավոր բոլոր խմբերին, այդ թվում՝ ուսումնական հաստատություններին, մշակութային, տեղեկատու հարթակներին, անհատներին: Թանգարանների և գրադարանների առաջարկի ցանկում ընդգրկված են ընթերցանություն, հեքիաթապատում, նկարչական, գրական, երաժշտական, անիմացիոն, խաղեր, մանկապատանեկան մրցույթներ, ճանաչողական ֆիլմեր, պրեմիերաներ, ցուցահանդեսներ և առցանց այլ ծրագրեր:
Ծրագրերին ծանոթանալու և մասնակցելու համար կարող եք այցելել կից հղումով` https://www.facebook.com/groups/497738774234372/:
Նախարարության ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ մշակվում են մի շարք կրթական-մշակութային, ճանաչողական նախագծեր, մասնավորապես, մեկնարկելու են՝
➢ Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Դասարան+Դասական» նախագծի հեռավար իրականացման տարբերակը, որի շրջանակում կկազմակերպվեն թատրոնի պատմության դասախոսություններ, ներկայացումների քննարկումներ, զրույցներ անվանի դերասանների հետ, կցուցադրվեն թատրոնի՝ հանդիսականին անծանոթ տարածքները,
➢ կմեկնարկի «Քո սերնդակիցը» տեղեկատվական հաղորդաշարը, որը պատանիներին կներկայացնի սերնդակից տաղանդավոր երաժիշտ կատարողներին՝ ներկայացնելով աշխատասիրությամբ միջազգային հաջողության հասնելու օրինակներ,
➢ առանձին նոր ծրագրով հանդես կգա «Դաս Ա» նախագիծը, որը մշակում է նաև բջջային հավելվածներում առցանց դասերի կազմակերպման ծրագիր, իսկ «Դիջիթըլ Արմ Սիմֆընի» հավելվածում տեղադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները,
➢ Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ «Հանրային հեռուստաընկերությունը» հեռարձակում է «Չտեսնված կինո» նոր հաղորդաշարը, որը հեռուստադիտողին է ներկայացնում հետխորհրդային արտադրության հայկական ֆիլմերը,
➢ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համագործակցությամբ մշակվում է հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրման ծրագիր՝ ուղղված երեխաներին,
➢ Համազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ ընթերցվելու են առակներ, կազմակերպվելու են կարճ քննարկումներ, այնուհետև, առաջարկվելու է տանը, ծնողների հետ շարունակել քննարկումները և նշված հասցեով ուղարկել քննարկումների արդյունքում ձևավորված եզրակացությունները,
➢ «Մշակութային կորոնադադար» խորագրով հաղորդաշար, որի ընթացքում նկարահանող խումբը նախարարի ուղեկցությամբ շրջում է մշակութային հաստատությունների՝ հանրությանն անծանոթ վայրերով /Տիկնիկային թատրոն, Ա․Խաչատրյան համերգասրահ, Մատենադարան, Հայաստանի ազգային արխիվ և այլն/,
➢ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված միջոցառումներին նվիրված ֆիլմերի շնորհանդեսներ՝ «Դասարան+Դասական», «Կոմիտասին-150», «Հովհ․Թումանյան-150», «Ֆրեսկո»,
➢ Թատերահամերգային կազմակերպությունների բեմադրությունների և համերգների զետեղում կայքերում և սոցցանցերում /Գ․Սունդուկյանի անվան թատրոն, Տիկնիկային թատրոն, Կամերային երաժշտական թատրոն։