Մարտի 11-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են համայնքներից ստացված առաջարկների հիման վրա ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը նոր արժեքներով համալրելու, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում` գրանցվելու նպատակով հայտեր ներկայացնելու հարցերը: Նշյալ ցանկում ընդգրկված են 33 արժեքներ, որը համալրվելու է ՀՀ-ում կենսունակ ոչ նյութական մշակութային ժառանգության այլ արժեքներով։

Ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհուրդը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարի 2009 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհուրդ ստեղծելու մասին» N 34-Ա հրամանով: Խորհուրդը քննարկում և գրավոր առաջարկներ է տալիս ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պետական ցանկերում նոր տարրեր, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական կամ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկերում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվող տարրեր ընդգրկելու վերաբերյալ: Խորհուրդը կազմված է 13 անդամներից, որոշումները կրում են խորհրդատվական բնույթ: