Հ. Թումանյանի թանգարանը մշակել է նոր կրթամշակութային ծրագիր՝ «Ընտանեկան փոստարկղ» խորագրով: Այն դպրոցի կրթական գործունեության ոլորտում թանգարանային մանկավարժության ներդաշնակ և համադրված օրինակ է, որի բովանդակության հիմքում ընկած է բանաստեղծի նամակագրական կապը զավակների հետ, որոնք լավագույնս ներկայացնում են Թումանյանի ընտանեկան արժեհամակարգը: Թումանյան-հայրիկի կերպարը, որպես ուսումնասիրության թեմա, կրթական մեծ պոտենցիալ ունի, այն իր մեջ ամփոփում է դաստիարակչական, գիտական, ճանաչողական հսկայական ներուժ: Ծրագիրը նախատեսված է միջին դպրոցական տարիքի երեխաների համար:
Ծրագրի նպատակն է Թումանյան-հայրիկի և նրա զավակների անկեղծ ու ջերմ փոխհարաբերությունների օրինակով նպաստել ժամանակակից ծնող-երեխա կապի վերարժևորմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև հոգևոր այնպիսի արժեքների ձևավորմանը, ինչպիսիք են հայրենասիրությունը, բարությունը, հարգանքն իրենցից մեծերի նկատմամբ, աշխատասիրությունը, կիրթ վարվելակերպը, ազնվությունը և այլն, որոնց առկայությունը կբնորոշի մարդուն` որպես անհատի և հասարակության լիիրավ քաղաքացու:
«Ընտանեկան փոստարկղ» կրթամշակութային ծրագիրը բաղկացած է 3 հիմնական փուլից՝ նախապատրաստական և 2 գործնական:
Ծրագրին մասնակցելու համար կարող եք դիմել Հ. Թումանյանի թանգարան՝ զանգահարելով 010 56 00 21 հեռախոսահամարով /կամ ֆեյսբուքյան էջի միջոցով https://www.facebook.com/pg/AriTsanotananq/posts/?ref=page_internal: