ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում։ Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և հիմնադրամի խորհրդի նախագահ Մարինե Ժամկոչյանը:

Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն Հարավային Կովկասում ծրագիրը» Հայաստանում իրականացվում է 2017 թվականից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ` Գերմանիայի Մեկլենբուրգ–Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնի և «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի միջև պայմանագրի շրջանակում: Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել վերոնշյալ ուսումնական կենտրոնի Հարավային Կովկասի ՄԿՈՒ համագործակցության ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը:

Ողջունելով նոր ծրագրի մեկնարկը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ շուրջ երեք տարի նախարարությունն արդյունավետ համագործակցում է «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի հետ, որի ծրագրերը համահունչ են ՄԿՈՒ ոլորտում պետական նպատակադրումներին: «Հուշագրի շրջանակում նախատեսվում է նոր մասնագիտությունների ներդրում, հետևաբար, լրացուցիչ և նորանոր ռեսուրսներ կուղղվեն ՄԿՈՒ ոլորտ՝ ապահովելով կայուն և շարունակական համագործակցություն: Մենք շեշտադրում ենք ոչ միայն կոնկրետ մասնագիտությունների ներդրման, այլ համալիր գործողությունները՝ վերապատրաստողների կարողությունների զարգացում, կրթություն-աշխատաշուկա կապի ապահովում և այլն»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ նախատեսվում է վերանայել ՄԿՈՒ չափորոշիչները, որի համատեքստում կարևորվում է ծրագրի առաջարկած համընդգրկուն մոտեցումը: Նա ծրագիրը կարևորել է նաև այն իմաստով, որ նախարարությունը խրախուսում է տարբեր հետազոտություններ՝ հասկանալու ապագայի մասնագիտությունները և ուղղորդելու ապագա դիմորդներին, ինչպես նաև նաև աշխատաշուկայի ուսումնասիրության հարցումների կազմակերպումը Հայաստանի մարզերում: Նախարարի տեղակալը կարևորել է նաև «Աշակերտական/ուսանողական ընկերություն» մոդելի պիլոտային ներդրումը ՄԿՈՒ հաստատություններում և դպրոցներում:

Հիմնադրամի խորհրդի նախագահ Մարինե Ժամկոչյանն ընդգծել է, որ ծրագիրը շատ ճկուն է, հետևաբար հետաքրքիր գաղափարների դեպքում նոր միջոցներ կներգրավվեն:

Համաձայն հուշագրի՝ կողմերը կիրականացնեն.

-կրթության և տնտեսության միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրեր, ՆՄԿՈւ կրթության նորմատիվ իրավական բազայի և կրթական ծրագրերի մշակում և կատարելագործում, ուսումնական հաստատությունների ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի ամրապնդում,

-աշխատանքի շուկայում շրջանավարտների զբաղունակության և մրցունակության խթանում, ՄԿՈՒ ոլորտը որակավորված մասնագետներով ապահովելուն ուղղված համատեղ միջոցառումների կազմակերպում,

-ուսումնական հաստատությունների և մասնավոր կազմակերպությունների համագործակցության ձևավորում և ամրապնդում: