ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ մարտի 07-ին, 82 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոմեն Դավթյանը :

Ռոմեն Դավթյանը Ծնվել է 1937թ. հոկտեմբերի 10-ին, Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Էդվարդ Միրզոյանի դասարանը: 1970-91թթ եղել է ՀՀ մշակույթի նախարարության արվեստի գլխավոր վարչության պետը, 1991-93թթ՝ փոխնախարար, 1987-88թթ՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, 1989-90թթ՝ «Հայհամերգ» հանրապետական միավորման գլխավոր տնօրենն ու գեղարվեստական խորհրդի նախագահը: 1985թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1992թ-ից՝ պրոֆեսոր): Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ էր: Հեղինակել է բալետներ, սիմֆոնիկ, կամերային, գործիքային երկեր, կինոերաժշտություն: Երկերից են՝ «Հանուն երջանկության», «Աղջիկն ու մահը» բալետները, Սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, Լիրիկական պար սիմֆոնիկ նվագախմբի համար, Մանկական սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, «Տաղ» մշակում սիմֆոնիկ նվագախմբի համար, «Պարային» սիմֆոնիկ նվագախմբի համար, Բալետային սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, Ֆանտաստիկ պոեմ սիմֆոնիկ նվագախմբի համար, «Թեմա վարիացիաներով» լարային նվագախմբի և հարվածային գործիքների համար, Կոնցերտային վալս դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, Դուետ հոբոյի և չելեստայի համար, Պար թավջութակի և դաշնամուրի համար, Սոնատ (սոլո) ջութակի համար, «Իմ կանաչ քաղաք», «Ողկույզի գույնը», «Արևի Հարսնացուն» և այլ կինոերաժշտություններ: 1967թ., 1969թ., 1971թ. արժանացել է Համամիութենական մրցույթների դափնեկրի կոչման, 1990թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2008թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Ռոմեն Դավթյանի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասեր հասարակության սրտերում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Ռոմեն Դավթյանի ընտանիքին, հարազատներին, ՀՀ կոմպոզիտորների միության անձնակազմին և նրա արվեստը գնահատողներին:

Հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ մարտի 10-ին՝ Կոնդի Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (ժ.18:00-19:30), իսկ հուղարկավորությունը նույն վայրից՝ մարտի 11-ին (ժ.12:30):