ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել 2019 թվականին իրականացրած մարզական մասսայական միջոցառումների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Անցնող տարում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում անցկացրել է 12 մարզական մասսայական միջոցառում` շուրջ 225.489 քաղաքացու մասնակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գավաթներ և հավաստագրեր է հանձնել Հայաստանի մարզերում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզական փառատոնի մրցանակակիր համայնքներին: Փառատոնին մասնակցել են 43 քաղաքային, 5 գյուղական համայնքներ և Ստեփանակերտը: Հաղթող է ճանաչվել Վանաձորը, երկրորդ տեղը զբաղեցրել է Չարենցավանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գավառը:

Նախարարը գավաթներ, հավաստագրեր և մարզագույք ձեռք բերելու համար դրամական պարգևներ (պարգևներով (1-ին տեղ` 450.000 դրամ, 2-րդ տեղ` 350.000 դրամ, 3-րդ տեղ` 250.000 դրամ) է հանձնել նաև Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի մրցանակային տեղեր զբաղեցրած մարզերին: Սպարտակիադայի հաղթող է ճանաչվել Արցախի Հանրապետությունը, երկրորդ տեղում Շիրակի, իսկ երրորդում՝ Լոռու մարզն է: ԿԳՄՍՆ մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչությունն ուսումնասիրել ու գնահատել է անցնող տարում անցկացված միջոցառումներին մարզերի մասնակցությունը. լավագույն արդյունք գրանցած Շիրակի մարզը պարգևատրվել է գավաթով:

Նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով մրցանակակիրներին և մասնակիցներին, ընդգծել է, որ սպորտի մասսայականացումը մնալու է նախարարության առաջնահերթությունների թվում.

«Նախարարությունների միավորումից հետո մեր նպատակները և քաղաքականությունը փոխվել են, բայց ոչ թե ծրագրերի իրականացումը դադարեցնելու առումով, այլ շաղկապելու և առավել արդյունավետ դարձնելու: Սպորտի մասսայականացման և ֆիզիկական կուլտուրայի ոլորտը եղել է և մնում է մեր սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Այստեղ պետք է լինի միասնական քաղաքականություն՝ սկսած մանկապարտեզից մինչև պրոֆեսիոնալ սպորտ: Ցավոք, այս օղակների միջև համագործակցությունը տարբեր հանգամանքներով պայմանավորված եղել է թերի: Հիմա մեր ծրագրերն իրականացնելիս բախվում ենք խնդիրների, որոնք պետք է լուծենք միասին: Բոլոր ծրագրերը պետք է նպաստեն ոլորտի արդյունավետության բարձրացմանը»,- ասել է նախարարը:

Ա. Հարությունյանն ասել է, որ նախարարությունը բաց է ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների համար. «Ինձ համարեք ձեր գործընկերը: Մենք պատրաստ ենք լսել ոլորտի ներկայացուցիչներին, անցկացնել քննարկումներ: Ձեր դիտարկումները և առաջարկները կնպաստեն միջոցառումների արդյունավետության բարձրացնելուն»:

Պարգևատրման արարողությունից հետո նախարարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին և ոլորտում առկա խնդիրների լուծման համատեղ ուղիներ գտնելու և արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել: