ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին 58 տարեկանում կյանքից հեռացել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը:

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ․ հուլիսի 30-ին։ 1978-ին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ 1975թ․ թվականից ի վեր ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում էր հայկական հուշարձանները ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Նա ուսումնասիրել է ոչ միայն Հայաստանի տարածքի, այլ նաև արտերկրում գտնվող հայկական հուշարձանները: Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ, այդ թվում՝ ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ, Հայաստանի պատմություն հատորյակներ, առանձին գրքեր և պարբերականներ:

Հայտնի հուշարձանագետն իր աշխատություններում առանձնակի տեղ է հատկացրել Արցախին վերաբերող ուսումնասիրություններին՝ «Հյուսիսային Արցախ», «Արցախի կամուրջները» «Դադիվանքի վերանորոգումը, 1997-2011 թվականներ», «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», «Մռավականք» գրքերը և այլ աշխատություններ։

Նախարար Արայիկ Հարությունյանն իր վշտակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ՝ մասնավորապես նշելով. «Շատ եմ ցավում: Իր ոլորտի գիտակ, հսկայական գիտելիք կրող մարդ, որի թողած դպրոցը, մեծ հույս ունեմ, որ ինչ-որ չափով կշարունակի նրա գործը»:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: