ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Նիկո պատկերասրահի», «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» և Գյումրու քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը» իրականացնում է «XX դար. Նիկոլայ Նիկողոսյանն ու իր ժամանակակիցները» խորագրով ծրագիրը:

Այն կմեկնարկի 2020 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 18:00-ին, Նիկոլայ Նիկողոսյանի թանգարանում` Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի աշխատանքների (գեղանկար, գրաֆիկա) ցուցադրությամբ:

Գույնն ու գիծը միաձուլվելով ծնում են մի պատկերավոր երկխոսություն այն մասին, թե որքան տարբեր կարող են լինել հարազատ քույրերը արվեստի իրենց ընկալումներով: Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը 20-րդ դարի հայ կերպարվեստի վառ անհատականություններից են: Երանուհի Ասլամազյանի նուրբ ու հավասարակշռված գիծը լրացնում է Մարիամի բուռն, կրակոտ գույները, որի արդյունքում էլ ձևավորվել է Ասլամազյան քույրերի գեղարվեստական ինքնատիպ աշխարհը: