«Աղջկաս հետ հաճախ «պեղումներ» ենք կազմակերպում բակում. շատ է տարվել հայրիկի մասնագիտությամբ»,-պատմում է հնագետ Արման Նալբանդյանը, որն արդեն 15 տարի է զբաղվում է սիրած գործով: «Հնագիտական իմ միջավայրը միջնադարն է. դա ինձ համար հոգեհարազատ ուրիշ աշխարհ է: Միջնադարյան հուշարձանները խորհուրդներ են կրում, դրանք բոլորը սրբացված մասունքներ են՝ սփռված ամբողջ Հայաստանում: Ամեն մի քարը առանձնահատուկ վերաբերմունք է պահանջում: Ամեն մի նոր գտածոն ինձ համար դառնում է ամենարժեքավորը»,- սիրելի մասնագիտության մասին պատմում է Արմանը՝ կատակով ներկայանալով որպես Արման Հնագետյան:

Հնագիտության նկատմամբ սերը, նրա խոսքերով, գալիս է կենդանիների՝ հատկապես դինոզավրերի հանդեպ սիրուց: Թեև դինոզավրերի վերաբերյալ գրականությունը եղել է ոչ այնքան հարուստ, բայց դա չի խանգարել Արմանին փոքր հասակում լուրջ ուսումնասիրել ոլորտը: «Ես այնքան էի ուսումնասիրել, որ մեջս գաղտնի երազանք առաջացավ անպայման դինոզավար գտնել: Այդ երազանքը մինչև հիմա ապրում է իմ մեջ, և պետք է ասեմ, որ մասնակիորեն իրականացել է, իհարկե, ոչ ուղիղ ձևով».-ոգևորությամբ հիշում է Ա. Նալբանդյանը: Նրա խոսքով՝ ըստ էության հնագիտությունը և հնէաբանությունը շատ տարբեր են: Բոլորը սխալմամբ հնագետին հնէաբան են անվանում, ինչը խորթ ու անընդունելի է նրա համար: «Հնէաբանությունը զբաղվում է Աստվածու ստեղծածով, իսկ հնագիտությունն ուսումնասիրում է մարդու ձեռքերով արարվածը»:

Պատմում է, որ հոր խորհրդով ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, իսկ մագիստրոսական կրթությունը ստացել է Հնագիտության ամբիոնում: Դեռևս բակալավրն ավարտելուց հետո անցել է աշխատանքի ու մասնակցել պեղումների: «Աշխատել եմ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում, առաջինը մասնակցել եմ Շենգավիթ բնակատեղիի պեղումներին: Աշխատանքային գործունեությունս շարունակել եմ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, որտեղ էլ հաստատվել է իմ դիսերտացիայի թեման՝ «Սյունիքի ուշմիջնադարյան նյութական մշակույթը»,-ներկայացնում է նա:

Նախարարությունում աշխատելու տարիները Արմանը բնութագրում է որպես «բռնադատված» շրջան, որովհետև հնագետն ազատատենչ ոգի ունի ու չի կարող մնալ չորս պատի ներսում, պետք է շփվի մշակույթի հետ: «Հնագետի տեղը դաշտն է՝ հուշարձանի կողքին, ցեխի ու հողի մեջ: Հնագիտությամբ զբաղվողը սիրահարվում է մշակույթին, հողին: Հնագետ լինելու համար պետք է լինես նվիրյալ, առաջնայինը պետք է լինի հուշարձանը, որի հետ հնագետն այնքան է հարազատանում, որ ուզում է մշտապես ուշադրության կենտրոնում պահել»,-անկեղծանում է նա:

Արմանն այսօր հնագիտական արշավախմբի ղեկավար է: Յուրաքանչյուր ղեկավար պարտադիր պետք է ունենա «հնագետի օրագիր»՝ արվածը անպայման արձանագրելու, նշումներ կատարելու համար: Բայց ինչպես հնագետն է փաստում, հնագետի օրագիրը երբեմն վերածվում է պարզապես «կյանքի օրագրի»: «Հնագետի օրագիրը իսկական արկածային գիրք է: Հազար տեսակի սովորույթների, ավանդույթների, մարդկանց ու միջավայրների հետ ես շփվում: Այդ ամենը դառնում է հիշողությունների տեղատարափ»,-ասում է Ա. Նալբանդյանը:

Արմանի բնորոշմամբ, հնագիտությունը աշխարհի ամենահետաքրքիր և ինտրիգային մասնագիտությունն է՝ «Մի քիչ էլ, մի քիչ էլ և հողի տակից ինչ-որ բան դուրս կգա, որը դարեր առաջ օգտագործվել է, ու այն հիմա քո ձեռքերում է: Ու դա տվյալ հուշարձանի պատմության մեջ մի նոր լույս է սփռելու, նոր էջ է բացելու, դու նոր բան ես իմանալու, քո մեջ էլի հարցեր են ծագելու: Հնագետին ոգևորում է այն միտքը, որ կարևոր բան է անում ու իր գտածը շրջադարձային կարող է լինել»: Գործընկերները նրան անվանում են «Ձիթաճրագների հնագետ», որովհետև գրեթե բոլոր պեղումներում հետաքրքիր պատահականությամբ ձիթաճրագներ է գտնում:

Ա. Նալբանդյանն արձանագրում է, որ հնագիտության նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է, բայց շատերը հստակ չեն պատկերացնում, թե դա ինչ է: «Որոշ մարդիկ մտածում են, թե հնագիտությունը Ինդիանա Ջոնսի կյանքն է»,- ծիծաղելով ասում է նա` անկեղծանալով, որ հնագիտական պեղումների ընթացքում երբեմն հրաշքներ են կատարվում՝ բառի ամենաուղիղ իմաստով: «Մի տարի Մարիամ Աստվածածնի ավետման տոնին Մեղրիի Սուրբ Հովհաննես վանքում պեղումներ էինք իրականացնում՝ գաղտնարանը պետք է պեղեինք: Պեղումների պատմության մեջ առաջին անգամ գրքերի էջեր հայտնաբերեցինք, ու գտածո էջը հենց այդ օրվա խորհուրդը կրող՝ Մարիամ Աստվածածնի ավետման հատվածն էր»,-եզրափակում է հնագետը:

Պատրաստեց Լալա Բադոյանը