ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին 96 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Քրիստափորի Մանարյանը:

Մանարյանը ծնվել է Արաքում (Իրան) 1924 թ. օգոստոսի 10-ին։ 1946 թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թ.։

Որպես դերասան և ռեժիսոր՝ աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ.Սունդուկյանի թատրոնում։

1957-59 թթ. եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը:
1959-1961 թթ. նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ 1988 թվականից եղել է «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը:

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափ» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։

Նախարար Արայիկ Հարությունյանն իր վշտակցությունն է հայտնել մեծանուն դերասանի մահվան կապակցությամբ՝ մասնավորապես նշելով. «Խորը վշտով տեղեկացա սիրելի արտիստի ու արժանապատիվ քաղաքացու՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին: Դժվար է գնահատել նրա անցած երկար ու արգասավոր ստեղծագործական ուղին: Նա օրինակ էր ազատ մտքի, անկաշկանդ ու անշեղ մտավորականի, բառիս լիարժեք իմաստով՝ ժողովրդական արտիստի: Մեզանից պակասեց լուսավոր մի ներկայություն»:

Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: