Ստամբուլում կայացել է աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային 25-րդ առաջնությունը, որտեղ տղամարդկանց և կանանց 12-ական մրցաձևի մեդալների համար պայքարել են 24 երկրի աթլետներ:
Հայաստանի ներկայացուցիչներից մեդալակիր է դարձել եռացատկորդ Լևոն Աղասյանը: 16 եռացատկորդների պայքարում Աղասյանը գրանցել է 16.44 մ արդյունք՝ դառնալով արծաթե մեդալակիր: Մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև Յանա Աբրահամյանը, ով կանանց եռացատկի մրցաշարում 13.06 մ արդյունքով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Բացի այդ, Աբրահամյանը ձմեռային` մարզասրահների կանանց եռացատկի Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել` 1 սմ-ով գերազանցելով Հայկանուշ Բեգլարյանի` 2010 թվականին սահմանած ռեկորդը:
Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցել են նաև Արտակ Համբարձումյանը, Ալեքսիս Դոնիգյանը, Ռազմիկ Մկրտչյանը, Տիգրան Մկրտչյանը, Մանուկ Մանուկյանը, Մարիաննա Բաղյանը, Լիլիթ Հարությունյանը, Մարիետա Մինասյանը:
Ալեքսիս Դոնիգյանը Բալկանյան երկրների առաջնությունից հետո մասնակցել է Ստամբուլի գավաթի խաղարկությանը, որտեղ 60 մ վազքում արժանացել է բրոնզե մեդալի (6,72 վրկ):